Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գտե՞լ ես այդ հաթերքցի ճամփեզրի մարդուն, որին ոչ թե հուսախաբ ես արել միայն, այլ տնազրկե՛լ ես․ «Փաստ»
Ո՞նց եք դուք՝ Արցախն աղետած, Հայաստանը կորստյան տանող ոչ բարով իշխանավորներդ կարողանում գլուխներդ հանգիստ դնել բարձին, ախր, ո՞նց, էլի…
Գիշերները, որ գլուխներդ դնում եք բարձին, «Դեդո-Բաբոն» երազում ձեզ չեն այցելո՞ւմ: Երազում ձեզ չեն այցելո՞ւմ ադրբեջանական հրոսակի կողմից մասնատված ու հոշոտված արցախցի հայ երեխաները, չեն հարցնո՞ւմ, թե՝ Նիկոլ Փաշինյան, այս ինչե՜ր ես ասում, թե՝ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում: Տիրազրկված շներին ու անտերացած չորքոտանիներին թողնված դատարկուն Ստեփանակերտի տեսարանները երազում ձեր աչքի առաջ չեն գալի՞ս: Իրենց տները կեղտակուր թշնամուն չթողնելու համար այրող Մարտակերտի բնակիչները ձեզանից այդ երազներում հաշիվ չեն պահանջո՞ւմ: Գոնե երազում… Մեկը գրել էր. «Հաթերք գյուղի մերձակայքում, ճամփեզրին, դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը, ձեռքին ինչ-որ բան պահած, ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած: Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետևից… Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»: Նիկոլ Փաշինյա՛ն, հիշո՞ւմ ես: Սա դու չես գրե՞լ… 2019 թվականի նոյեմբերի 9-ին (ճակատագրի ինչպիսի՜ ծաղր): Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գիտե՞ս, որ Հաթերքը մինչև քո՝ վարչապետ դառնալն ու ընթացիկ աղետային պաշտոնավարումը դարերով ոչ մի թշնամի չի կարողացել գրավել: Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գտե՞լ ես այդ հաթերքցի ճամփեզրի մարդուն, որին ոչ թե հուսախաբ ես արել միայն, այլ տնազրկե՛լ ես, Հաթերքազրկե՛լ ես, Արցախազրկե՛լ ես, Հայրենիքազրկե՛լ ես, դարձրել ես հայրենակիցների կամ ուրիշի օգնության հույսին մնացած գաղթական, անտուն, հայրենազրկված փախստական: Ու դու գլուխդ բարձի՞ն ես դնում: Ու ո՞նց այդ հաթերքցու ցավը, որն իբրև թե՝ «տանում էիր», ո՞նց Արցախի կորստի ցավը, մի սուր փուշ դարձած, սիրտդ չի ծակում… Սի՞րտ… ՔՊ-ում գիտե՞ն, թե դա ինչ է: Հայրենի՞ք: Լսե՞լ են: Այն, որ Ակնայում, բերքառատ ու բարեբեր Արցախի նուռը բուռ-բուռ բռնած, հպարտ-հպարտ նկարվում ու ինքնագովազդվում էիք (գիտեք, թե ովքեր), թե՝ «Ակնան իմ հայրենիքն է»: