Ինչու եւ ով արագացրեց արցախցիների տեղահանման պրոցեսը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում հույս ունեն, որ կարող են հրաժարվել խաղաղության պայմանագրի ամենաանցանկալի եւ վտանգավոր կետից՝ փախստականների վերադարձի վերաբերյալ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանությունը հզոր խաղաքարտ ունի ձեռքին՝ Ալիեւին մերժելու, այն է՝ Ադրբեջանը չի կարող հայերի անվտանգությունն ապահովել, վկան՝ Արցախից մի քանի օրում բնակչության բռնի տեղահանման փաստը։
Արդյոք սա՞ է պատճառը, որ Արցախի բնակչության տեղահանման պրոցեսը տեղի ունեցավ արագացված տեմպերով։ Բանն այն է, որ Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների բանակցություններում որոշվել է, որ արցախահայերը ոչ թե մի քանի օրվա մեջ, այլ մինչեւ հունվարի 1-ը կտեղափոխվեն Հայաստան, իսկ ով ցանկանում է, կարող է մնալ եւ ապրել Ադրբեջանի օրենքներով։
Սակայն սեպտեմբերի 23-ին խուճապային լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցիները մտել են Ստեփանակերտ, Թաղավարդում կոտորած է, Արցախի նախագահականի վրա ադրբեջանական դրոշ են կախել, բարբարոսություններ են անում, եւ սկսվեց փախեփախը, ու հաշված օրերի ընթացքում Արցախը դատարկվեց։ Իսկ Փաշինյանն էլ շտապեց հայտարարել, թե առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլեւս հայ չի մնա»: