Ճապոնացի բլոգերն առարկել է Քըլըչդարօղլուին. «Չկա նման ճապոնական ասացվածք»
Թուրքիայում բնակվող և սոցիալական հարթակներում հայտնի ճապոնացի բլոգեր Յոշի Էնոմոտոն անդրադարձել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ վերջերս մեջբերած ճապոնական ասացվածքին։
Էնոմոտոն սոցիալական հարթակում հրապարակած տեսաուղերձում հերքել է հիշյալ ասացվածքի ճապոնական լինելու մասին Քըլըչդարօղլուի պնդումը:
«Այս խոսքով, որպես ճապոնական ասացվածք, ամբողջությամբ նույն ձևով կիսվել էր նաև ուսուցիչ Օզգյուր Դեմիրթաշը։ Այդ ժամանակ ևս ասացի, որ այդպիսի ճապոնական ասացվածք գոյություն չունի։ Ես չգիտեմ, թե ով երբ է սկսել, բայց Թուրքիայում գոյություն չունեցող ճապոնական ասացվածքները շատ տարածված են։ Ըստ իս՝ լավ կլինի, եթե նախքան ինչ-որ բանով կիսվելը, մի փոքր ուսումնասիրեք այն»։
Նշենք, որ Քըլըչդարօղլուն կուսակցականների հետ հանդիպման ընթացքում՝ հոկտեմբերի 3-ին էր մեջբերել վերոհիշյալ՝ իբրև ճապոնական ասացվածքը։
«Մի վախեցիր բրնձի մեջ եղած սև քարերից, վախեցիր սպիտակներից»։