ԵՄ-ն 11 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

«Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին»,- ասաց Հարությունյանը։

Նախարարի տեղակալը հայտնեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը երկրորդ փուլի շրջանակներում բյուջետային աջակցությունը կտրամադրվի 9 միլիոն եվրոյի չափով և ևս 2 միլիոն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար։

«Ֆինանսավորման համաձայնագիրը Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում միջազգային չափորոշիչների ձեռքբերմանը նպաստելն է, որոնք կապված են բարեվարքության, հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ»,- նշեց Հարությունյանը։

Ծրագրի գործողությունը, մասնավորապես, միտված է՝ արդարադատության ոլորտի կառավարման մեխանիզմների (բարեվարքության ստուգում բոլորի համար, հաշվետվողականության մեխանիզմներ, անկախություն) համապատասխանեցմանը ոլորտի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ներառյալ` դատական, դատախազության և քննչական մարմինների մասով, քրեական արդարադատության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ գենդերային հարցերի մասով, հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, բարեփոխումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանը կառավարության կողմից նախատեսված բարեփոխումներին հանրային աջակցության մոբիլիզացմանը, միջազգային լավագույն գործելակերպին համապատասխան անկախ և անաչառ արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը: Ծրագրի իրականացման ժամկետն է 4 տարի։

Տեսանյութեր

Լրահոս