
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղափոխող ինքնաթիռը: Կոլոննային դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը նախապես տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննային կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
«Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը: