Բաժիններ՝

Թրամփը ներկա կգտնվի իր դեմ հարուցված խարդախության գործով դատական լսումների բացմանը

։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է ներկա գտնվել իր դեմ հարուցված քաղաքացիական հայցով դատական լսումների բացմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Ես վաղն առավոտյան (խմբ․՝ հոկտեմբերի 2-ին) կգնամ դատարան, որպեսզի պայքարեմ իմ անվան և հեղինակության համար։ Այս ամբողջ գործը շինծու է», – գրել է ԱՄՆ նախկին նախագահն իր Truth Social սոցիալական հարթակում։

Անցյալ շաբաթ Նյու Յորքի դատավորը Թրամփին մեղավոր էր ճանաչել խարդախության մեջ։ Ըստ դատավոր Արթուր Էնդորոնի որոշման՝ Թրամփը տարիներ շարունակ ավելի քան 2 մլրդ դոլարով ուռճացրել էր իր կարողության չափը, որպեսզի ավելի շահավետ պայմաններով վարկեր ստանա։

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսը պահանջում է, որ Թրամփը 250 միլիոն դոլար տուգանք վճարի։ Բացի այդ, նա պահանջում է արգելել Թրամփին գործունեություն վարել Նյու Յորքի նահանգում։ Ըստ BBC-ի՝ այս գործողության արդյունքում Trump Organization-ը կարող է ստիպված լինել իր գույքի վերահսկողությունը հանձնել դատարանի կողմից նշանակված անձի։

Այս քաղաքացիական հայցի շրջանակներում Թրամփին ազատազրկում չի սպառնում։

ԱՄՆ նախկին նախագահի դեմ նաև քրեական մեղադրանքներ են ներկայացվել։ Նրան մեղադրում են Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքները տապալելու փորձի, գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնների խախտման, պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։

Թրամփը համարում է, որ իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները քաղաքական են և նպատակ ունեն խանգարել իրեն առաջարդվել 2024 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս