
ԵՄ երկրների արտգործնախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են Կիևում՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային

Եվրամիության բոլոր 27 անդամ երկրներն իրենց բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկել են Կիև, որտեղ իրենց աջակցությունը պետք է հայտնեն Ուկրաինային՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների պայմաններում։
ԵՄ-ում CNN-ի աղբյուրը հայտնել է, որ 27 երկրներից 23-ն են Կիև ուղարկել իրենց արտաքին գործերի նախարարներին։ Մյուս 4 անդամները՝ Լատվիան, Շվեդիան, Լեհաստանը և Հունգարիան, Ուկրաինա են ուղարկել կառավարության այլ պաշտոնյաների։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Կիև կժամանեն Եվրամիության բոլոր ԱԳ նախարարները։
Հոկտեմբերի 2-ին Կիևում անցկացվող հանդիպման մասին ավելի վաղ չէր հայտարարվել։ Հանդիպման նպատակն է ԵՄ-ի կողմից շարունակական աջակցություն հայտնել Ուկրաինային։ X սոցիալական հարթակում գրառման մեջ Ժոզեպ Բորելը հանդիպումն անվանել է «պատմական»։
«Մենք ԵՄ արտաքին գործերի նախարարների պատմական հանդիպում ենք անցկացնում այստեղ՝ Ուկրաինայում, որը ԵՄ-ի թեկնածու երկիր է և ապագա անդամ։ Մենք այստեղ ենք՝ մեր համերաշխությունը և աջակցությունը հայտնելու ուկրաինացի ժողովրդին», – գրել է Բորելը՝ գրառմանը կցելով նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման տեսանյութը