
Օգնությունն ավելացնելուց բացի Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու միջոցներ են անհրաժեշտ. Ինյարիտուն Գորիսում է

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Գորիսում է, այնտեղից էլ հանդես է գալիս Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու միջոցներ ձեռնարկելու կոչով:
Գորիսից տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հազարավոր հայեր ժամանում են այնտեղ՝ փախչելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից:
«Մարդասիրական օգնության անհրաժեշտ ավելացումից բացի, անհրաժեշտ է միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու համար»,-նշել է Ինյարիտուն:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 514 անձ է ժամանել Հայաստան: