«Հանրային ձայն» կուսակցությունը դեմ է Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացմանը
«Հանրային ձայն» կուսակցությունը դեմ է Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացմանը, կուսակցությունը մտադիր է մասնակցել ավագանու անդրանիկ նիստին։ Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
«Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ որ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ որ 100 հազար փախստական լցվել է ՀՀ, և յուրաքանչյուր կոպեկը կարևոր է։
Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ «ռոբասերժական կլանը» չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես, որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի»,- հայտարարել է Ղուկասյանը։
Ավելի վաղ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ չեն մասնակցելու Երևանի ավագանու առաջին նիստին, ու եթե «Հանրային ձայնը» ևս չմասնակցի՝ քաղաքապետ չի ընտրվի ու տեղի կունենան նոր ընտրություններ։ Հաշվի առնելով այն, որ «Հանրային ձայն» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջին նիստին՝ քվորում կապահովվի։