
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ նրան կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
«Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը։