Ի՞նչ կհետևի Ռուսաստանից՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո

Հայ-ռուսական հարաբերություններն օր օրի սրվում են։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սուր հայտարարություններից հետո երեկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալու որոշումը Ռուսաստանի կողմից դիտվելու է՝ որպես ծայրահեղ թշնամական քայլ։Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ողջունում Հայաստանի մտադրությունը՝ միանալ Հռոմի ստատուտին։ Պեսկովը նաև հավելել է, որ Պուտինն առաջիկայում Հայաստան այցեր չէր նախատեսել։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆոյոր Լուկիանովն ասաց, որ ՌԴ իշխանությունների շրջանում, բնականաբար, ՀՀ իշխանությունների վերջին շրջանի որոշումները և հայտարարությունները հարցեր են առաջացնում, և դրանց ՌԴ ԱԳՆ մակարդակով պարբերաբար անդրադարձ լինում է։

Ըստ նրա, սրանով Ռուսաստանի իշխանություններն իրենց հստակ վերաբերմունքն են արտահայտում, զուգահեռաբար հստակեցնում, ինչպես երևաց ՌԴ ԱԳ նախարարի հարցազրույցում, որ ՌԴ-ն այս ռեգիոնում շահեր ունի, դրանք չի լքելու, և հայ ժողովուրդը ՌԴ-ին թշնամի չի համարում, սրանք անկյունաքարային դիտարկումներ են և կանխորոշում են ՌԴ վերաբերմունքը և հնարավոր քայլերը։

Նա նշեց, որ գուցե ՀՀ իշխանությունները որոշել են, որ Ռուսաստանն իրենց այլևս հարկավոր չէ, որ ունեն այլ դաշնակիցներ ու այլընտրանքներ։

«Այո, դա հնարավոր է, և հարաբերությունների հետագայի տարբեր սցենարներ կարող են լինել։ Այնուամենայնիվ ՌԴ ներկայությունը ներկայումս պահպանվում է թե ԼՂ-ում, թե ՀՀ-ում։ Եթե ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը, վստահաբար գիտեին, թե ինչպիսի արձագանք է լինելու ՌԴ-ից, և երևի թե այս արձագանքը չի զարմացնում, երևի թե պատրաստ են դրան։ ՌԴ-ում ՀՀ-ն համարում են բարեկամական երկիր և չեն փորձում սրել հարաբերությունները, թեև միտումն այն է, որ հարաբերությունները սառում են։ Ռուսաստանը որքան կարողացել է՝ օգնել է Հայաստանին։ Իսկ Հայաստանի արևմտյան գործընկերների կամ արտաքին քաղաքական արևմտյան այլընտրանքի մասին խոսակցություններն ինձ համար անհիմն են, քանի որ դա պարզապես քիչ հավանական է, և Հայաստանի համար ամենամոտ Արևմուտքը դա Թուրքիան է։

Բնականաբար, արևմտյան երկրները ջանք չեն խնայում՝ ցույց տալու համար, որ սա հնարավոր է, որ Ռուսաստանից հեռանալը ճիշտ քայլ է, բայց այդպես չէ, չնայած որոշողները Հայաստանում են։ Ընդհանուր առմամբ հետսովետական տարածքում տեղի են ունենում հսկայական աշխարհաքաղաքական գործընթացներ, ըստ էության բոլոր երկրների, և ոչ միայն՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, գործընթացներ են Ռուսաստանի հետ և, ինչպես հաճախ եմ ասում, բարդ է ասել, թե Ռուսաստանն ինչպիսին դուրս կգա դրանցից, կարելի է ասել, որ հետսովետական ժամանակաշրջանն ավարտվում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս