Հայաստանը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի Ռուբեն Վարդանյանին օր առաջ ազատի գերությունից. Արմեն Խաչատրյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը։
«Ռուբեն Վարդանյանի կալանավորումը համարում ենք ապօրինի, ինչպիսի մեղադրանք էլ Ռուբեն Վարդանյանին ներկայացնեն՝ միանշանակ ապօրինի է։ Հայաստանը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ ներգրավելով միջազգային գործընկերներին, որպեսզի Ռուբեն Վարդանյանին օր առաջ ազատեն գերությունից։ Ինչպիսի ցուցմունք էլ փորձեն կորզել, կամ քրեադատավարական պրոցես սկսեն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ պարզ է, որ դա արվում է ուժի ճնշմամբ և դա չի կարող հիմք հանդիսանալ ինչ-որ արդարադատություն իրականացնելու համար։ Ռուբեն Վարդանյանին շատ արագ պետք է հետ բերել, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանենք։ Ինչը նաև կնպաստի, որպեսզի այդ «սև ցուցակները» առհասարակ շրջանառությունից հանվեն»,- նշեց Արմեն Խախաչտրյանը։
Հարցին՝ այդ «սև ցուցակում» քանի՞ մարդ կա, Արմեն Խաչատրյանը պատախանեց՝ տեղյակ չէ՝ նման ցուցակ կա՞, թե՞ ոչ, թե առհասարակ ինչ-որ հետախուզական տվյալների հերթական տարածումն է՝ հիբրիդային, ինֆորմացիոն դաշտում խնդիրներ լուծելու համար։
«Ես դա գնահատում եմ՝ որպես հաշվեհարդար, իհարկե, ամեն ինչ անելու ենք և միջազգային հանրությանն էլ ենք ներգրավելու, որպեսզի մեր հայրենակիցներին օր առաջ հետ բերենք։ Ադրբեջանը պետք է դադարեցնի որևէ գործողություն, որն ուղղված է հաշվեհարդար տեսնելուն»,- շեշտեց իշխանական պատգամավորը։
Թե ինչո՞ւ Սամվել Բաբայանը իր հետ Երևան չբերեց նաև Դավիթ Բաբայանին՝ որպեսզի թույլ չտար՝ վերջինս մեկներ Շուշի, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ հարցրեք Դավիթ Բաբայանին։
«Ես չեմ կարող ասել, թե Դավիթ Բաբայանն ինչո՞ւ չի եկել, ո՞ւր է գնացել։ Դավիթ Բաբայանի հետ վերջին ժամանակները կապեր չեմ ունեցել, բայց դե դա հարց չէ, թե ինչո՞ւ հետը չբերեց, և այլն»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։