«Սա Փաշինյանի տված հրահանգների կատարման մի փուլն է, հաջորդը վերաբերելու է Հայաստանին՝ կդրվի մեր մնալ-չմնալու հարցը». Քաղաքագետ

«Ռուսաստանն այսօր համաշխարհային պատերազմի մեջ է ու շատ դժվար պատերազմի: Հիմա ի վիճակի չէ զորք ուղարկել Հայաստան ու օգնել Հայաստանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չօգնեց Արցախին, ինչը ենթադրում էր նաև օգնություն Հայաստանին։

Քաղաքագետը հույս ունի, որ որոշ խաղաղապահներ կմնան Արցախում։

Հարցին՝ եթե Արցախում չմնա հայ բնակչությունը, ինչո՞ւ պետք է մնան խաղաղապահները, որոնք, ըստ էության, չկարողացան ապահովել նրանց անվտանգությունը, Գագիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ որոշ չափով բնակիչներ կմնան, ինչը կարող է հույս տալ, որ Արցախը կմնա հայկական։

«Լուրեր են շրջանառվում, որ խաղաղապահները հայերին համոզում են մնալ, ասելով, որ կապահովեն նրանց անվտանգությունը։ Սա նուրբ ու ցավալի հարց է, որը կախված է մեր հայության գլխին»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ եթե այսօր Ռուսաստանը Հայաստանին չի օգնում, տարածաշրջանում ո՞վ կարող է օգնել Հայաստանին՝ ռազմական հնարավոր զարգացումների դեպքում, Իրանը կարո՞ղ է օգնել, Գագիկ Հարությունյանը պատասխանեց՝ խիստ կասկածում է։

«Իրանը բավականին նուրբ ու փափուկ գործող ուժ է և ուղղակի ռազմական բախումների չի գնա։ Իրանը կարող է որոշակիորեն օգնել, բայց երբեք չի կարող ինքնուրույն հանդես գալ՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ու Արևմուտքի դիրքորոշումն Իրանի դեմ։

Ստեղծված իրավիճակում չեմ տեսում որևէ մեխանիզմ, որը Հայաստանի իշխանությունների կողմից մշակվել ու իրականացվում է։ Ապագան շատ տխուր է երևում՝ սա Նիկոլ Փաշինյանի տված հրահանգների կատարման մի փուլն է, հաջորդը վերաբերելու է Հայաստանին, որտեղ կդրվի մեր մնալ-չմնալու հարցը։

Գուցե ամենահաջողվածը չէ, բայց կար «Հայաքվեն», այնտեղ գոնե մեխանիզմներ կային որոշակի, թե ինչ է պետք անել, որպեսզի այս իշխանությունից ազատվենք»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս