Հայկ Մամիջանյանը քաղաքացիներին կոչ է անում զանգել ՔՊ-ական պատգամավորներին ու պատմել Նիկոլի մասին իրենց մտածածը
Այսօր Հանրապետության Հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմեց այն մարդկանց, որոնք այսօր հրապարակում չեն, սակայն վաղ թե ուշ լինելու են։ Այնուհետև անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը, ասաց՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ձախողել է ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականությունը։
«Ասում է, որ հանձնել է Արցախը, այնպես է արել, որ մենք միայնակ մնանք թուրքի ու ադրբեջանցու դիմաց, ինչպես 44-օրյայի ժամանակ նույնիսկ Վրաստանն ու Իրանն էին փակել մեզ համար օդային տարածքը։ Հետո ասում է, որ ինքը քանդել է մեր բանակը, մեր փառապանծ գեներալներին նստեցրել է բերդեր, ու հետո համարձակվում է ասել, որ այստեղ կանգնած հայրենասերները մեր երկրի անկախությանը վնասելու են։
Ինքը հերթական անգամ անում է սևի ու սպիտակի բաժանում։ Հերթական անգամ, երբ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի, մեղքը փորձելու է գցել այստեղ կանգնած մարդկանց վրա»։
Ապա խոսքն ուղղեց Նիկոլ Փաշինյանին.
«Ուրեմն լսիր ուշադիր՝ մեր շարժումն ունի մեկ հովանավոր, այդ հովանավորը հայրենասեր հայն է, ՀՀ քաղաքացին։ Ցանկացած մարդ, ով կասկածի տակ կդնի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, իմ անձնական թշնամին է»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը հեշտ չի գնալու, նա սեփական կամքով հրաժարական տվողը չէ, սակայն իր ուզելը քիչ է, քանի որ նրա հեռանալու պահանջ է դնում և ուզում է հայ ազգը։ Հետևաբար՝ ուզի թե չուզի, գնալու է։
«Նրան հեռացնելու համար կա մեկ ճանապարհ՝ ստիպել իր ֆրակցիային, որ իրագործի հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների պահանջը՝ իրեն հեռացնել։ Մեր հզոր ու անկախ Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին։ Սիրելի քաղաքացիներ, համացանցում կան այդ պատգամավորների հեռախոսահամարները, դեռ հեռախոսազանգով զանգեք ու ասեք, թե Նիկոլի մասին ժողովուրդն ինչ է մտածում։ Նորից եմ ասում՝ դեռ հեռախոսազանգով»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում