ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է 150 անձանց բերման ենթարկելու կամ ձերբակալման հիմքերը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում այցեր են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։ Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին։
Նշված ժամանակահատվածում Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու (ձերբակալման) հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։
«Պաշտպանի աջակցությամբ մի շարք դեպքերում ապահովվել է փաստաբանների մուտքը ոստիկանության տարբեր բաժիններ և քննչական մարմիններ՝ անձանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ իրավիճակներում երաշխավորվել է անձանց բժշկական օգնության իրավունքի իրացումը։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Արագ արձագանքման այցերի, ստացված բողոքների ուսումնասիրության, ԶԼՄ-ներում հրապարակումների մշտադիտարկման արդյունքում, ի թիվս այլ համակարգային խնդիրների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Նշված դեպքերի առնչությամբ Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին՝ պատշաճ և համապարփակ քննություն իրանակացնելու պահանջով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան, իսկ հակառակ պրակտիկայի առկայությունը դատապարտելի և անթույլատրելի է։
Ըստ աղբյուրի՝ առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ վերջիններս ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Բացի այդ, համակարգային առումով չլուծված է մնում վարչական ձերբակալման ենթարկված անձանց նվազագույն իրավունքների ապահովման խնդիրը։
«Այսպես, որոշ դեպքերում բերման ենթարկված (ձերբակալված) անձանց ազատությունից զրկելիս իրենց հասկանալի լեզվով չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները։ Այս համատեքստում առավել մտահոգիչ են այն դեպքերը, երբ անձանց ազատությունից զրկելու պահին չի հստակեցվում՝ արդյոք վերջիններս ձերբակալվել են ենթադրյալ հանցանք, թե վարչական իրավախախտում կատարելու հիմքով։
Համատարած բնույթ են կրում նաև ազատությունից զրկված անձին՝ իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի մասին (զանգի իրավունք) չծանուցելու դեպքերը։ Ընդ որում, մի շարք դեպքերում ոստիկանության բաժիններում վարչական ձերբակալման ենթարկված անձանց պարտադրում են անջատել հեռախոսները, ինչի պայմաններում, պայմանավորված նաև իրենց իրավունքների մասին չծանուցված լինելու հանգամանքով, նրանց համար հստակ չէ իրենց ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի առկայությունը ։
Նշվում է, որ արձանագրված բոլոր դեպքերում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի միջնորդությամբ նշված իրավունքը քաղաքացիների ցանկության դեպքում իրացվել է։
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ հավաքներին մասնակցել են նաև երեխաներ։ Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաների կողմից հավաքների ընթացքում իրենց հայացքներն արտահայտելու իրավունքը պետք է իրացվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճնշման կամ որևէ հարկադրանքի՝ ցուցաբերելով նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն և ապահովելով վերջիններիս անվտանգությունը:
Ավելին, իրավապահ համակարգում երեխաների նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է ցուցաբերվեն զգայուն ու երեխայակենտրոն մոտեցումներ»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից՝ հավելելով, որ նշված խնդիրները, հարցերի հրատապությունը հաշվի առնելով, բանավոր հաղորդակցության շրջանակներում ներկայացվել են իրավասու մարմիններին՝ դրանց պատշաճ հասցեագրման նպատակով: Խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով վերոնշյալ մարմիններին հասցեագրվելու են նաև գրություններ:
Ըստ հաղորդագրության՝ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։
Տեղեկացվումէ, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ հավաքների ազատության իրավունքի իրացման առնչությամբ իրականացնելով մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ։