Հունգարիան հերքել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման շուրջ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը
Հունգարիան հերքել է տարբեր լրատվամիջոցներում տարածված լուրերը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման շուրջ 27 երկրների համատեղ հայտարարությունն արգելափակելու մասին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Facebook-ի իր էջում։
«Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին Ղարաբաղում իրավիճակի շուրջ ԵՄ հայտարարության վերաբերյալ: Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակեց հայտարարություն իր անունից։ Հունգարիայի դիրքորոշումն այստեղ նույնպես պարզ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր: Շատ տասնամյակներ անց եկել է ժամանակը՝ վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին», – Հունգարիայի արտգործնախարարի գրառումն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակն ավելի վաղ հայտնել էր, որ եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից իր ստացած տեղեկությունների համաձայն՝ Հունգարիան արգելափակել է Եվրամիության հայտարարությունը, որն ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների անունից։ Արդյունքում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն տարածեց իր անունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայտարարությունում Բորելը դատապարտել էր Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և նշել, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը՝ ռազմական կամ այլ միջոցներով, կարժանանա Եվրամիության խիստ արձագանքին։