Մոսկվան Ղարաբաղում չի պարտվել․ Ռուսաստանի վերջին խոսքը դեռ մնում է․ Մարկեդոնով

Ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով վերջին օրերին Արցախում ծավալված դրամատիկ իրադարձություններին, այն որակել է՝ որպես կապիտուլյացիա։

«Լեռնային Ղարաբաղ. պատմության ավա՞րտ, թե՞ նոր գլուխ» վերտառությամբ մեկնաբանությունում Մարկեդոնովն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, Երևանի արձագանքին, ձեռք բերված համաձայնություններին, ինչպես նաև կայանալիք հանդիպմանը Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև։

Նա նաև գրել է, որ ակնհայտ են ադրբեջանա-թուրքական տանդեմի ձեռքբերումներն ու օգուտները։ «Բայց հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրը Ղարաբաղով չի ավարտվում։ Կա Սյունիք, Գեղարքունիք, անկլավներ, սահմանազատման խնդիրը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք, կամ… Եվ ահա Իրանն ու Ռուսաստանը դեռ իրենց խոսքը չեն ասել։ Չե՞ն կարող ասել։ Ամեն ինչ կարող է պատահել մեր կյանքում: Հռետորական հարցն այն է, թե ի՞նչ է լինելու տարածաշրջանում Թեհրանի և Մոսկվայի ազդեցության հետ այդ դեպքում»,- նշել է նա։

«Եվ, իհարկե, ռուսական գործոնը։ Կան և՛ այստեղ, և՛ Հայաստանում այնպիսիք, ովքեր կխոսեն Մոսկվայի պարտության մասին։ Ֆորմալ առումով՝ ոչ, վերջին խոսքը դեռ մնում է։ Իսկ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ Եվ դեռ շատ բան կա»,- գրել է Մարկեդոնովը՝ հավելելով նաև, որ բացատրություններից Ռուսաստանին այնուամենայնիվ չի հաջողվի փախչել, ինչպեսև հիասթափություններից, եթե ​​նույնիսկ համաձայնեն, որ իրենց դաշնակցի՝ Հայաստանի սպասելիքներն ուռճացված են եղել, իսկ ինքնագնահատականը միշտ չէ, որ համարժեք է եղել։

Նրա որակմամբ, տհաճ հարցերը երկու կողմից՝ և՛ Մոսկվայից, և՛ Երևանից, հայ-ռուսական հարաբերությունների ապագան են։

«Նույնիսկ այսօր մենք շատ բուռն վիճում ենք 1920 թվականի Ալեքսանդրապոլի խաղաղության, 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նշանակության շուրջ։ Այժմ այս շարքում կհայտնվի նաև Ղարաբաղ 2023-ը»,- գրել է Մարկեդոնովը։

 

Տեսանյութեր

Լրահոս