Փաշինյանի «հետևողական սխալների» գինը՝ Հայաստանի պարտությունից մինչև ՔՊ պարտություն

Սեպտեմբերի 17-ին Երևանում ավագանու ընտրություններ էին, ավելի պարզ՝ երևանցիները քաղաքապետ էին ընտրում: Բայց Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824.250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցեց 234.553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։ Իսկ ՔՊ-ն ստացավ 75.463 ընտրողի ձայն՝ 32.57 տոկոս: Եվ այս պահի դրությամբ Երևանը դեռ չունի քաղաքապետ:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75.463 ձայն կամ մասնակիցների 32․57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43.765 ձայն կամ մասնակիցների 18․89 տոկոս, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35.739 ձայն կամ մասնակիցների 15․43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 26.236 ձայն կամ մասնակիցների 11․32 տոկոս, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22.431 ձայն կամ մասնակիցների 9․68 տոկոս։

Իսկ Երևան քաղաքում տեղական կառավարման մասին օրենքը սահմանում է՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Տվյալ դեպքում, քանի որ նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած ուժերից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, գործելու է օրենքով սահմանված մյուս կարգավորումը, ավագանին քաղաքապետ է ընտրելու գաղտնի քվեարկությամբ։

Վերջնական արդյունքի հետ կապված ենթադրություններն ու կանխատեսումները դեռ մի կողմ թողնենք: Մի բան հստակ է՝ որքան էլ ՔՊ-ն ավելի շատ ձայն է հավաքել, քան անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերը, ամեն դեպքում, Երևանը մերժել է Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ թե պակաս ձայն տալով, և թե ընտրության չգնալով:

Կարդացեք նաև

Ընդ որում, ընտրության չգնացողները մտածելու տեղիք են տվել հականիկոլական ուժերին կամ ընդդիմությանը: Թե ինչպես պիտի արժանանալ ընտրության չգնացած ընդդիմադիր զանգվածի ձայներին՝ դա այլ քննարկման թեմա է:

2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են։

2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների դեպքում ևս այս թեզը կարող ենք տարածել այլ տեսանկյունից. Երևանը ցույց տվեց, որ իշխանափոխության հնարավորություն կա, ընդ որում՝ ընտրություններին չմասնակցածների շնորհիվ նաև, իսկ հակահեղափոխականներ կարելի է համարել և՛ Փաշինյանի թիմակիցներին, որոնք վաղուց են դուրս եկել իրենց հեղափոխական խոստումներից՝ նախկինների չգրված օրենքները մերժող, և նրանց, որոնք չընտրեցին ՔՊ-ին և նրանց հետ ասոցացվող ուժերին, նաև նրանց, որոնք չգնացին ընտրատեղամասեր: Եվ այստեղ պակաս կարևոր դեր չի խաղացել ոչ միայն թեկնածուների ներկապնակը, այլև Արցախում և ՀՀ-ում անվտանգային վիճակը, դրանում Փաշինյանի պատասխանատվությունը և այն կարգավորելու անկարողությունը: Եվ որքան էլ Տիգրան Ավինյանը փորձեց պատերազմական կենսագրություն գրել՝ դա նրան չփրկեց, և չի փրկի, եթե անգամ ինչ-որ քաղաքական խաղերի արդյունքում դառնա քաղաքապետ:

168.amանդրադարձել է փոխվարչապետ Ավինյանի դերակատարմանը 2020 թվականի 44-օրյա պատերազմում: Իսկ թե որքանով օգնեց կամ վնասեց Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին, բավական է միայն հիշեցնել քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը նրա ելույթի հետևյալ հատվածը.

«Ու ընդհանրապես, խորհուրդ կտամ կրակելուց խոսողներին, Երևանը վերցնելու մասին խոսողներին, բառապաշարների վերանայում անել, բախտը չփորձել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի 1999 թիվը չէ, առավել ևս հոկտեմբերը չէ, առավել ևս 27-ը չէ, սա 2023 թիվն է, սեպտեմբերն է և 17-ն է»:

Ի դեպ, Փաշինյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն առաջին անգամ չէ, որ օգտագործում է:

2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ֆոնին նա խոստացել էր, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց քվեարկությամբ ստիպել «Հոկտեմբերի 27»-ի գործի կազմակերպիչներին պատասխան տալ՝ նշելով, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է, սակայն հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով դեռևս գործը չի քննվել:
«Նախաքննությունը բացված է, և Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաև ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն և բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,– մասնավորապես, 2021 թվականի հունիսի 14-ին Արարատ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր Փաշինյանը:

Ի դեպ, 3 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքական էքսկուրս էր անցկացրել ՔՊ-ի սխալների վերաբերյալ՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»:

«ՔՊ-ի նախահիմնադրման օրից Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի էին ունենում «ճիշտ» պրոցեսներ, որոնց վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրեց «սխալ» դիրքորոշումներ:

«Քաղաքացիական պայմանագիրը» ի վերջո հաղթեց «սխալ քայլերի» հետևողական ռազմավարության շնորհիվ, որովհետև այդ քաղաքական ուժը հասկանում էր, թե ինչն է սխալ անում և ինչու և ինչ խնդիր է լուծում դրանով:

Այդ հետևողական սխալների նպատակը մտածողության նոր հարթություն ստեղծելն էր, անխուսափելի պարտությունների տրորված նախկին ճանապարհներով չգնալը, հանրության հետ երկխոսությունը երբեմն բանավեճի, երբեմն լեզվակռվի, երբեմն մեղադրանքի վերածելու վճռականությունը:

Այն ժամանակ մենք գիտեինք, որ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք, այնպես, ինչպես պարտվել են այն ընդդիմադիր ուժերը, ովքեր սկսած 1994 թվականից ճիշտ են գործել, այդ թվում մենք՝ այդ ուժերի հետ համատեղ պայքարի ընթացքում, ու պարտվել:

Բայց մենք որոշեցինք գործել սխալը սխալի հետևից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետև ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետև կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եվ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը»,- գրել էր Փաշինյանը՝ հիշեցնելով իրենց դիրքորոշումը՝ 2014-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բուրժուադեմոկրատական հեղափոխությանը չմասնակցելը, 2015-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ չեզոք դիրք գրավելը, 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին «Ոչ բռնությանը» դիրքորոշմամբ զարգացումներին միջամտելը, 2017 թվականին «Ելք» դաշինքի կազմում խորհրդարանական ընտրություններին մասնակցելը և վերջապես 2018-ի «թավշյա հեղափոխությունը»:

«ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին և նույնիսկ դրանից առաջ: Որովհետև դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետև մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձևավորելու և Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եվ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետևողական սխալների մեր ռազմավարությունը: Որովհետև որևէ որոշում ճիշտ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակություն ունի այն ռակուրսը, որից դիտարկում ես այն:

Տեղում դոփելուց ավելի մեծ սխալ գոյություն չունի: Եվ միայն սխալվելու վճռականությունն է, որ կարող է մեզ տանել առաջ՝ ճշմարտությունը փնտրելու ճանապարհով: ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում՝ սխալվելու վճռականություն պիտի ունենա, պայմանով, որ դրանք գիտակցված սխալներ են, որոնք բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից, գաղափարներից, պատմությունից, իդեալներից ու Հայաստանը հզորացնելու, Հայաստանը հզոր տերություն դարձնելու անսակարկելի երազանքից: Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի»,– եզրափակել էր Փաշինյանը:

Այո, Փաշինյանի ասած «սխալ քայլերը» բերեցին ՔՊ-ին իշխանության, բայց ոչ Հայաստանին՝ հաղթանակի: Այսինքն, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի «հետևողական սխալները» ռազմական, ռազմաքաղաքական և դիվանագիտական դաշտում հանգեցրեցին պատերազմի, դրանում պարտության, և այսօր ՀՀ-ն պետականությունը կորցնելու վտանգի առջև է կանգնած, իսկ Արցախի ժողովուրդը՝ էթնիկ զտման և ինքնորոշումը կորցնելու: Եվ այս ամենը ոչ թե 1994 թվականից քիչ թե շատ ճիշտ գործած նախկին իշխանությունների պատճառով, այլ բանակցային գործընթացը սեփական կետից սկսած և սեփական սխալների անպարտելիությանը հավատացած Նիկոլ Փաշինյանի:

Մի բանում Փաշինյանը ճիշտ է՝ այս ամենը նա անում է գիտակցված, ցավոք, հանրությունը սա շատ ուշ հասկացավ: Ի դեպ, այս գրառումից 8-9 օր հետո սկսեց 44-օրյա պատերազմը, և Փաշինյանը շարունակեց պնդել՝ չպետք է պարտված զգանք:

Երեկ գլոբալ առումով Փաշինյանը պարտվել է, արդյո՞ք Տիգրան Ավինյանին վնասեց նույն տրամաբանությամբ ՝ «պարտվելու համարձակությունն է, որ կբերի հաղթանակի», գուցե: Բայց նաև փաստ է՝ Փաշինյանին իշխանության բերած սեփական «հետևողական սխալներն» էլ նրան կարող են հեռացնել իշխանությունից…

Տեսանյութեր

Լրահոս