«Ժողովուրդը հրաբխի նման եռում է. երբ ժայթքի՝ վա՜յ նրան, ով մոտակայքում կլինի». Սերժ Սրապիոնյան

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այսօր ուսուցիչների աշխատավարձը ողորմելի և մարդու ինքնասիրությունը վիրավորող աշխատավարձ է. չի՛ բարձրացել ուսուցիչների աշխատավարձը, այն բարձրացել է միայն ՔՊ-ի ընդհանուր ժողովներում կամ ԱԺ ամբիոնից: Չի՛ կարելի մոլորության մեջ գցել այն մարդկանց, ովքեր դպրոցի հետ կապ չունեն»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր առիթներով թմբկահարում է, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել են, մինչդեռ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության շենքերի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնող ուսուցիչները հակառակն են նշում: Ավելին, գործող իշխանությունների օրոք նույնիսկ դպրոցական դասագրքերն այս ուսումնական տարում ամբողջությամբ չեն տպագրվել, և ծնողները դժգոհում են, որ իրենք են ստիպված լինում տպել և երեխաների հետ ուղարկել տվյալ օրվա դասին համապատասխանող էջերը:

«Եթե գրքերը չեն կարողանում տպագրել, բայց կարող են 6 միլիոն դոլար տրամադրել՝ մի կապիկի այստեղ բերելու և մայմունություններ անել տալու համար, ինչո՞ւ պետք է մենք վստահենք այս իշխանություններին: Ժողովուրդը, որը նիրհից արդեն արթնանում է, պետք է հասկանա, որ ինքը գտնվում է մի միջավայրում, որտեղ նռնակի օղակը քաշելուն մոտ իրավիճակ է»,- նկատեց գրականագետը:

Սոցհարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է, օրինակ՝ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, նրա վարկանիշն առհասարակ սրընթաց անկում է ապրում: Հարցին՝ ե՞րբ կտեսնենք հասարակական ընդվզում, Սերժ Սրապիոնյանն այսպես պատասխանեց. «Որքան էլ համաշխարհային գործող հրաբուխների վերաբերյալ երկրաբաններն ամենաճշգրիտ դիտարկումներ են անում, մի բան չեն կարողանում ճշգրիտ որոշել՝ ե՞րբ կժայթքի այդ հրաբուխը: Երբ էլ հրաբուխը ժայթքում է, հանկարծակի է ժայթքում: Այս ժողովուրդը հրաբխի նման ընդերքում եռում է: Ես ինքս ժողովրդի մեջ եմ, ինքս տեսնում եմ այդ ընդերքը, և մի օր նույն այդ երկրաբանների համար, որոնք քաղաքական վերլուծաբանները, կանխագուշակողներն ու աստղաբաններն են, ՔՊ-ն է իր ամբողջ կազմով, հանկարծ կտեսնեն՝ հրաբուխը ժայթքեց, և վա՜յ նրան, ով մոտակայքում կլինի՝ կմոխրանա, կվերջանա: Ժողովուրդներն այդպես են ժայթքում, այդպես են զայրանում: Ժողովուրդը դեռ Արցախի ողբերգությունն էլ ամբողջությամբ չի ընկալել, որովհետև անխղճորեն ամեն րոպե խաբում են ժողովրդին»:

Կարդացեք նաև

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու փաստին. «Եթե դա լիներ Քըլըչդարօղլուն, միանգամից մինչև նիստի ավարտը շնորհավորանքը կգնար, բայց քանի որ դա Շահրամանյանն էր, այդ շնորհավորանքը չէր կարող լինել: Այստեղ վրիպեց ՔՊ-ն, վրիպեց ոչ թե չշնորհավորելով, այլ՝ որովհետև նրանք ոչ մի հաշվարկներով չէին սպասում նախորդի հեռացմանը և այսպիսի սահուն և անսխալ կերպով այս մարդուն նախագահ դարձնելուն: Փաշինյանի գլխավոր նպատակը, որը նա երբեք չի թաքցրել, Արցախն իր եղբորը նվիրելն է, հիմա դժվարացավ այդ գործընթացը, և այստեղ ինքը ճիշտ է ասում՝ շնորհավորելու առանձնապես բան չկա, որովհետև իր պլաններն են ձախողվում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս