Բաժիններ՝

Բայդենը կարծում է, որ իր նկատմամբ իմփիչմենթի հետաքննությամբ հանրապետականները ձգտում են կառավարության «շաթդաունի»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչներն իր նկատմամբ իմփիչմենթի հետաքննություն են սկսել, քանի որ ձգտում են դադարեցնել դաշնային կառավարության աշխատանքը։ Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը։

Այսպես կոչված «շաթդաունն» իրենից ներկայացնում է ամերիկյան կառավարության աշխատանքի կասեցում, որի պատճառ է դառնում նոր ֆինանսական տարվա բյուջեն համաձայնեցնելու և ընդունելու անկարողությունը։

«Ես հստակ չգիտեմ, թե ինչու, բայց նրանք պարզապես գիտեին, որ ցանկանում են իմփիչմենթի ենթարկել ինձ: Հիմա, որքանով ես կարող եմ ասել, նրանք ցանկանում են իմփիչմենթի ենթարկել ինձ, քանի որ ցանկանում են կառավարության շաթդաուն»,- ասել է Բայդենը սեպտեմբերի 13-ին Վիրջինիայում դրամահավաքի ժամանակ։

ԱՄՆ նախագահը նշել է, որ կենտրոնացած չէ իմփիչմենթի հետաքննության վրա։

«Ես ամեն օր արթնանում եմ, և, առանց կատակի, չեմ կենտրոնանում իմփիչմենթի վրա։ Ես գործ ունեմ անելու։ Ես պետք է զբաղվեմ այնպիսի հարցերով, որոնք ամեն օր ազդում են ամերիկացիների վրա», – հավելել է ամերիկացի առաջնորդը։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ղեկավար, հանրապետական Քևին Մաքքարթին հայտարարել է, որ ամռան ընթացքում հանրապետականների կողմից իրականացված հետաքննությունները բացահայտել են «կոռուպցիայի մշակույթ»․ նշվում է, որ Բայդենը ստել է այն մասին, որ տեղյակ չէ և ներգրավված չէ իր ընտանիքի օտարերկրյա գործարքների մեջ։ Բայդենին մեղադրում են «իշխանության չարաշահման, կոռուպցիայի և արդարադատությանը խոչընդոտելու մեջ»։ Այս ամենը հիմնականում կապված է Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հետ, որը եղել է ուկրաինական «Բուրիսմա» էներգետիկ ընկերության նախագահների խորհրդում իր հոր՝ փոխնախագահ լինելու ժամանակ։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ջո Բայդենը ներգրավված չէ իր որդու գործերում։

Իր հերթին The Guardian-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Մաքքարթին հայտարարել էր, որ իմփիչմենթի հետաքննություն կսկսվի քվեարկությունից հետո և «ոչ թե մեկ մարդու հայտարարությամբ», սակայն դրանից ընդամենը մեկուկես շաբաթ անց, առանց Ներկայացուցիչների պալատում քվեարկության, նա հայտարարեց հետաքննության մեկնարկի մասին։

Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ Մաքքարթիի քայլը կարող է շեղել օրենսդիրների ջանքերը՝ ուղղված բյուջեի հաստատմանը և շաթդաունից խուսափելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս