«Վլադիմիր Պուտինն է փրկել Նիկոլի իշխանությունը, հիմա հայ ժողովրդի գրպա՞նն է գցում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Արևմուտքում շատ լավ գիտեն ռուսների ոչ ճկուն արտաքին քաղաքականության մասին, նաև գիտեն, որ չկա Արցախյան հարց՝ չկա ռուսական ներկայություն Հարավային Կովկասում:

«Աստված չանի, եթե Ադրբեջանին հաջողվի իր հովանավորներով, ի դեմս Արևմուտքի և Թուրքիայի, դատարկել Արցախը, Ռուսաստանը Հայաստանում չի մնա 15 րոպե, նրա առկայությունը Հայաստանում անիմաստ է դառնում՝ իր բոլոր հետևանքներով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ դա կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար:

«Երբ Ռուսաստանը փրկում էր Նիկոլի իշխանությունը, ու ոչ ոք չփորձի հերքել, որ դա այդպես է եղել… Նիկոլի իշխանությունը փրկել է Վլադիմիր Պուտինը, փրկել է 2020թ. նոյեմբերի իր տխրահռչակ հարցազրույցով: Դա ոչ միայն տխրահռչակ էր այն առումով, որ ինքը ուղղակիորեն, լինելով երրորդ երկրի ղեկավար, լատենտ պաշտպանեց Նիկոլին՝ հայտարարելով, որ Նիկոլը դավաճան չէ: Պուտինի այդ արտահայտությունը բոլոր քայլիստները դրել են իրենց սոցիալական հարթակների էջերին, բոլորիս դեմքին ճպպացնում էին, որ՝ նայեք, ձեր սիրելի ՌԴ-ն ասում է, որ Նիկոլը դավաճան չէ, իսկ դուք ասում եք, որ դավաճան է:

Հասկանում եմ՝ ինչի համար արեց, որովհետև Պուտինի տգետ խորհրդականները նրան ասել էին, որ դու այդպես ասա, մենք Նիկոլին կգցենք մեր գրպանը: Գցվե՞ց Նիկոլը իրենց գրպանը: Ես միշտ նշել եմ, որ Նիկոլի տերերը ունեն պլան բ, պլան ա-ն չեղավ, պլան բ-ն կգործարկեն: Պուտինը որ ասում է, թե Նիկոլը Պրահայում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չգիտի՞ ինչի համար է ճանաչել, շատ լավ գիտի, բայց հիմա Նիկոլին հայ ժողովրդի գրպանը գցելը ո՞րն է, ինքը փրկեց, հիմա էլ հայ ժողովրդի գրպանն է գցո՞ւմ: Երեկ Պուտինը պատերազմից 2 տարի 7 ամիս անց հայտարարեց, որ Նիկոլը դավաճան է, դա էր նրա հայտարարության ենթատեքստը: Իսկ ինչի՞ փրկեցիր»,- ընդգծեց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս