Փաշինյանի ղեկավարությամբ ևս մեկ պատերազմը մեզ տանելու է վերջնական կործանման. Մելքոնյան

Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը վստահեցնում է՝ Հայաստանի դեմ պատերազմը թուրք-ադրբեջանական տանդեմը 2020 թվականից հետո չի էլ ավարտել, հետևապես՝ հիմա, երբ խոսում են սահմանին թշնամու զորքի և զինտեխնիկայի կուտակումից, պետք է հիշենք, որ մենք թևակոխում ենք չավարտված պատերազմի հերթական ակտիվ փուլ, որն այս անգամ վերաբերելու է Ռուսաստանին, Իրանին և Իսրայելին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ արցախաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զորքի և զինտեխնիկայի կուտակումների մասին, Մելքոնյանը նաև շեշտեց.

«Պետք է հիշել, որ մեծ քաղաքականության մեջ ամեն սխալ հայտարարության համար պետությունը պատժվում է. դա գրված օրենք է։ Մեծերի խաղի մեջ մեկ սխալը կարող է դառնալ ապտակի պատճառ, ուստի պետության ղեկավարները նրանով են առանձնանում, որ պետք է պաշտպանեն պետության շահը, ոչ թե տուրք տան բուռն և պոպուլիստական ելույթներին՝ բարձր տոնայնությամբ։ Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական դաշնակիցներ են. դրա ապացույցը Շուշիի հռչակագիրն է, և չպետք է տարօրինակ համարել, որ այս օրերին թուրքական ռազմական օդանավերը հասնում են Ադրբեջան։ Այս պայմաններում է, որ երկրի ղեկավարը մեծերի խաղի մեջ պետք է ճիշտ կողմնորոշվի, մինչդեռ Հայաստանի այս իշխանությունն իր սխալներով արժանացավ ապտակների՝ ինչպես 2020 թվականին, այնպես էլ՝ դրանից հետո, և հիմա մեր պետականությունը տանում է ոչ թե ապտակների, այլ մահակով հարվածների ճանապարհով, ինչը դրսևորվում է տարածքների կորստով»։

Կարդացեք նաև

Մելքոնյանի գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարությունն իր դիվանագիտական տապալումներով և ոչ կոմպետենտությամբ հայ-ռուսական հարաբերությունները խաթարել է և դարձել պատճառ, որ մեր դաշնակիցը կարող է մեր տարածքները դարձնել սակարկումների առարկա: Մեկ անգամ ևս կրկնելով՝ այս վիճակի պատասխանատուն Հայաստանի այս իշխանությունն է, թուրքագետը հիմնավորեց.

«2020 թվականից առաջ Թուրքիան մեր դեմ պատերազմին մասնակցում էր դե ֆակտո, 2020 թվականից հետո հիմա մեր դեմ պատերազմին մասնակցելու է դե յուրե, հետևաբար՝ Հայաստանը միայնակ իր խնդիրները չի կարողանալու լուծել։ Հայաստանին պետք է գործուն դաշնակից, որը ռազմական համագործակցությամբ չի կարող լինել Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան։ Հայաստանի համար ռեալ դաշնակից է Ռուսաստանը և Իրանը»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ իրական դաշնակիցների հետ հարաբերությունները չկարգավորելով՝ մտնում ենք պատերազմի մեջ, որը մեկ անգամ պարտված Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ ունենալու է աղետալի հետևանք։

«Պատերազմում տապալված Փաշինյանի ղեկավարությամբ ևս մեկ պատերազմը մեզ տանելու է դեպի կործանում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս