Վաղը կարևոր օր է. ԲԴԽ-ն՝ ընդդեմ դատավոր Արման Հովհաննիսյանի

Վաղը տեղի կունենա Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը: Ընտրելու են Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների: Հանձնաժողովի չորս անդամի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանի, Հովիկ Շահնազարյանի, Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի և դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի լիազորությունները դադարել են՝ հանձնաժողովում պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված։

Ընդհանուր առմամբ Ժողովը պետք է որ հանդարտ ընթացք ունենա, բացառությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի թեկնածության քվեարկության, որի առաջադրման հետ խնդիր են տեսել Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) :

Մյուս թեկնածուներն են քաղաքացիական մասնագիտացման գծով՝ Հովհաննես Շահնազարյան, ում օպոնենտը Գոռ Մինասյանն է, վարչական մասնագիտացմամբ՝ Ռուզաննա Ազրոյանն ու Վարազդատ Միքայելյանը:

Իսկ ահա քրեական մասնագիտացման գծով ԲԴԽ-ն երկար փնտրեց, բայց չգտավ որևէ դատավորի, ով իր թեկնածությունը կառաջադրեր ընդդեմ Արման Հովհաննիսյանի:

Կարդացեք նաև

Եվ թեպետ 168.am-ի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամներ Արթուր Աթաբեկյանն ու նորընտիր դատավոր անդամ Էդգար Հովհաննիսյանը գտել էին թեկնածու՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին, վերջինս վերջին պահին հրաժարվել է առաջադրումից՝ թերևս անիմաստ համարելով Արման Հովհաննիսյանի դեմ առաջադրվել:

Մեր տեղեկություններով՝ Մակար Կիրակոսյանի հրաժարվելուց հետո ԲԴԽ-ն տենդագին փորձել է նոր թեկնածու գտնել: Գտել են թե ոչ, դժվար է ասել: Թերևս այս առումով բարդությունն այն է, որ յուրաքանչյուր թեկնածու լավ գիտի՝ իրեն ընտրում են Արման Հովհաննիսյանին հաղթելու համար, ինչը քիչ հավանական է:

Վաղը, իհարկե, հնարավոր է, ինչ-որ մեկն առաջադրվի ընդդեմ դատավոր Հովհաննիսյանի, այդ առումով ժամկետային սահմանափակում չկա, սակայն դժվար թե որևէ մեկն ինքնակամ հանձն առնի ներքաշվել անհեռանկար գործընթացի մեջ:

Ինչևէ, վաղն ամեն բան պարզ կլինի: Այս պահին մնում է միայն արձանագրել, որ այս Հանձնաժողովում յուրայիններ ունենալն օդ ու ջրի պես պետք է ԲԴԽ նախագահին, որովհետև ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի փոխարեն դարձավ մեկը, ում միջոցով Կարեն Անդրեասյանը չի կարողանա դատավորների սպանդ իրականացնել, կամ ավելի վատ, բա որ Արդարադատության նախարարությանը զրկեն կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունից, ինչը բավականին իրատեսական սցենար է: ԲԴԽ-ի համար այդ դեպքում դատավորներին պատժելու միայն մեկ գործիք է մնում՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Ուշագրավ է, որ դատավոր չհանդիսացող անդամի՝ իշխանությունների սրտի թեկնածուն Արթուր Սաքունցի ղեկավարած կազմակերպության անդամ է. Անի Չատինյանը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Տեսանյութեր

Լրահոս