Բաժիններ՝

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի ինքնասպանություն հարցով ՄԻ պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ

Ազատությունից զրկված անձանց ինքնասպանությունների կանխարգելման կառուցակարգերի անհրաժեշտության հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից: Դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով համապատասխան գրություններ են հասցեագրվելու ՀՀ գլխավոր դատախազություն, Առողջապահության և Արդարադատության նախարարություններ։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է.

• ազատությունից զրկված անձանց մոտ ինքնասպանությունների կանխարգելման և նրանց հետ հոգեբանական աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են մասնագիտական ուղեցույցներ, իսկ նշված անձանց հետ, ըստ անհրաժեշտության, խորքային հոգեբանական աշխատանքներ,

• ինքնավնասումների և ինքնասպանությունների ռիսկի գնահատման գործիքների կիրառման պրակտիկան ունի կատարելագործման լուրջ անհրաժեշտություն։ Պետք է իրականացնել ինքնավնասումների և ինքնասպանությունների զննության և ռիսկի գնահատման գործիքների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների պարբերական վերապատրաստումներ՝ շեշտադրելով դրանց կարևորությունը։

«Չափազանց կարևոր է, որ իրականացվի քրեակատարողական հիմնարկ ընդունված ազատությունից զրկված անձանց` ինքնասպանության ռիսկայնության պատշաճ գնահատում, ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց հասանելի չլինեն կյանքից զրկելու միջոցները, իսկ ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ քրեակատարողական ծառայողներն անցնեն պարբերական վերապատրաստումներ»,- նշում է Մարդու իրավունքների պաշտպանը։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրների առնչությամբ առաջարկվում է հոգեբուժական խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց կողմից ստացիոնար բուժումից հրաժարվելու պարագայում քննարկման առարկա դարձնել վերջիններիս նկատմամբ ոչ հոժարակամ բուժման անհրաժեշտությունը՝ պահպանելով օրենսդրության պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս