Բաժիններ՝

Նևադայի անապատում տոնախմբության 70 հազար այցելու տեղատարափների պատճառով մնացել է ծուղակում․ Քրիս Ռոքը և դիջեյ Դիպլոն հեռացել են ոտքով

Նևադայի Բլեք Ռոք անապատում «Burning Man» («Այրվող մարդ») ամենամյա 8-օրյա տոնախմբության 70 հազար այցելու մնացել է ծուղակում այն բանից հետո, երբ հորդառատ անձրևը հեղեղել է տարածքը և մինչև ծնկները հասնող ցեխ առաջացրել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Տեղատարափից հետո այցելուներին հրահանգվել է մնալ տեղում, խնայել ջուրն ու սնունդը։ Իշխանությունները հայտնել են, որ տարածքում կար ավելի քան 70 հազար մարդ։ Ոմանք տարածքը լքել են ոտքով։

Սեպտեմբերի 3-ի առավոտյան միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ ճանապարհները դեռ փակ են մնում, քանի որ չափազանց ցեխոտ են և անանցանելի։ Ավելին, դարձյալ սպասվում են վատ եղանակային պայմաններ։

Ի դեպ, տոնախմբությունից ոտքով հեռացել են նաև ամերիկացի երգիծաբան, դերասան Քրիս Ռոքը և ամերիկացի դիջեյ և պրոդյուսեր Դիպլոն։ Նրանք սոցիալական ցանցերում հայտնել են, որ մի քանի կմ ցեխի միջով քայլելուց հետո ճանապարհին իրենց վերցրել է մի մեքենա։

«Burning Man»-ի կազմակերպիչները հայտնել են, որ եթե եղանակը թույլ տա, ապա տոնախմբության ավարտին կայրեն հսկա փայտե մարդու նմանակը, ինչն անում են ամեն տարի։

Իշխանությունները նաև հայտնել են տոնախմբության ընթացքում 1 մարդու մահվան մասին՝ հավելելով, որ դա կապված չէ անձրևների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս