
«Ես Ստեփանակերտում եմ». Ստեփանակերտի քաղաքապետի հակադարձումը՝ ադրբեջանական մամուլին

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, թե իբր Ստեփանակերտի քաղաքապետը ընտանիքի հետ միասին լքել է Արցախը։
Նրանք հղում տալով իբր հայկական լրատվամիջոցներին, գրել են, որ լրատվամիջոցները տեսանյութում ճանաչել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և նրա կնոջը։
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կտրականապես հերքեց տարածված կեղծ տեղեկությունը, շեշտելով, որ այդ ամենը ապատեղեկատվություն է, ինքը շարունակում է մնալ Արցախում։
«Ես միայն Կարմիր խաչի միջոցով իմ մանկահասակ երեխային եմ ուղարկել Երևան՝ բուժում ստանալու։ Կինս Արցախում աշխատում է, նա արձակուրդ է վերցրել, որպեսզի տանի երեխային, երեխան բուժումը ստանալուց հետո, նրանք կրկին վերադառնալու են Ստեփանակերտ, ես Կարմիր խաչի աշխատակիցների հետ նրանց ուղեկցել եմ և կրկին վերադարձել Ստեփանակերտ։
Իսկ ես իմ ծնողների հետ ապրել ու ապրելու եմ Արցախում։ Ես Ստեփանակերտում եմ»,- եզրափակեց Դավիթ Սարգսյանը։