«Սադրանքների մասշտաբները, հնարավոր է, պրովոկացիաներով շարունակվի, Ադրբեջանն արդեն սկսել է մոբիլիզացիա սկսել». Աշոտ Սևյան

Այսօր վաղ առավոտից սկսած Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն այս պահին ունի 4 զոհ, 1 վիրավոր։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ադրբեջանական կողմը զինտեխնիկա կուտակում սահմանին։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը խոսելով Ադրբեջանի նախաձեռնած սադրիչ գործողությունների հնարավոր զարգացումների ու մասշտաբների մասին, նախ ասաց, որ առավոտյան ժամը 08։30-ին են նկատել, թե ինչպես է ադրբեջանական կողմը զինտեխնիկա կուտակում սահմանին։

«Պապիկյան Սուրոն ինչո՞ւ է քնել մինչև հիմա, թե՞ թույլ չէին տալիս որևէ բան անել։ Այսօր, գիտե՞ք, ազգի մոտ ինչն է դարձել կարևոր՝ ասֆալտը, զիբիլը, ավոտբուսը, առանց գիրք դպրոցն ու նման բաները։

Այս սադրանքների մասշտաբները հնարավոր է պրովոկացիաներով շարունակվի։ Ադրբեջանն արդեն սկսել է մոբիլիզացիա սկսել, հենց այնպես ուժերը չի մոբիլիզացնում։ Ինչ ասեմ՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, իսկ մեզ մոտ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե այդ ամենը կապված է վաղվա հանրահավաքի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ, սա աբսուրդի ժանրից է։

Կարդացեք նաև

Իշխանությունն ասում է՝ մեր դեմ դուրս մի եկեք, թողեք մենք մնանք իշխանության, որ Ադրբեջանը չկրակի, դե, մարդկանց մոտ էլ բնազդ է ստեղծվել։ Մի օր վերջնականապես պետք է կանգնես ու ասես՝ ոչ, բոլ է, բայց քանի դեռ ասող չկա, այս մարդիկ իրենց էշն առաջ են քշելու»,- նշեց Աշոտ Սևյանը։

Նա ընդգծեց՝ բոլորն էլ լավ գիտեն, որ Ադրբեջանն ուժով բացելու է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ կարճ ճանապարհով մտնելու է Ստեփանակերտ։

«Ադրբեջանի սցենարը հետևյալն է՝ ուժով այդ ճանապարհը բացելու է և ի լուր աշխարհի ասելու է, թե «ռևանշիստները» արցախահայությանը սոված էին թողել, մենք էլ օգնություն հասցրեցինք։ Բայց սա մարդկանց այստեղ չի հետաքրքրում, նրանք քաղաքապետ են ընտրում, կուկուռուզնիկ են խոսք տալիս, անողնաշար մարդիկ, որոնք 5 տարի կործանել են երկիրը, հիմա երևանցիների ականջներից լապշա են կախում։ Լավ, մի խելքը գլխին մարդ չկա՝ ասի՝ այդ ամենն ինչի՞ս է պետք,  ճոպանուղին ի՞նչ եմ անում, երբ երկիր, անվտանգություն չունեմ։ Պետությունը մեզանից հարկ ինչի՞ համար է հավաքում, եթե չի ստեղծում անվտանգություն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ ազատամարտիկը հիշեցրեց ու հարց բարձրացրեց՝ 44-օրյա պատերազմից 3 տարի է անցել, հրապարակվե՞լ է զոհերի ամբողջական ցուցակը, հիմա էլ իշխանությունն «ամեն օր զոհ կտա, որ իր իշխանությունը պահի»։

«Հայաստանում հիմա գիտեք՝ ինչպես է, իշխանությունն ասում է՝ տղա երեխային պահելն ու մեծացնելը՝ ձեզնից, սպանելն ու ուրախանալը՝ մեզանից։ Գիտակից մարդն այսօր չպետք է նայի այս մարդկանց, պետք է փորձի գոնե կանգնած մեռնել»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս