Պրիմորիեում 500-ից ավելի բնակելի շենք է հեղեղվել
Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում տեղատարափներից հետո ջրածածկ է եղել 516 բնակելի շենք, որոնց թվաքանակը մեկ օրում ավելացել է 7 անգամ։ Այս մասին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասային վարչությունում
«19 մունիցիպալ կազմավորումների տարածքում 516 բնակելի շենքեր և 1673 տնամերձ տարածքներ ջրածածկ են եղել», – մեջբերում է «Интерфакс»-ը հատված հաղորդագրությունից։
Մեկ օր առաջ վարչությունը հաղորդել էր, որ երկրամասի 14 մունիցիպալիտետներում ջրի տակ է անցել 73 բնակելի շենք և 408 տնամերձ տարածք։
Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել Պրիմորիեի բնակիչներին, նրանք տարհանում են մարդկանց, ջուրը պոմպահանում բնակելի շենքերից, սոցիալական օբյեկտներից, կազմակերպում նավակներով տեղափոխումներ և մարդասիրական օգնություն են հասցնում։
Ըստ կանխատեսումների՝ երկրամասում հեղեղումների հետ կապված իրավիճակը կվատթարանա։ Առաջիկա օրերին երկրամասի գետերի մեծ մասի ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ։
Պրիմորիեում տեղատարափների ու հեղեղումների պատճառով օգոստոսի 25-ից սահմանվել է դաշնային մակարդակով արտակարգ դրության ռեժիմ։