Բաժիններ՝

Սեպտեմբերի 1-ից հանրակրթության նոր պետական չափորոշիչը կներդրվի բոլոր դպրոցներում

Այս տարվա սեպտեմբերի 1-ից հանրակրթության նոր պետական չափորոշիչը կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում՝ փուլային տարբերակով։

Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Ինչպես գիտեք, կառավարության կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումը, որի շրջանակներում 2021 թվականի փետրվարին արդեն իսկ հաստատվել էր հանրակրթության նոր պետական չափորոշիչը և այն փորձարկվում էր Տավուշի մարզի դպրոցներում 2021 թվականի սեպտեմբերից։ Այս տարվա սեպտեմբերից չափորոշիչը պետք է մտնի հանրապետության բոլոր դպրոցներ փուլային տարբերակով։ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում կսկսենք դրա ներդրումը»,- ասաց Անդրեասյանը։

Միաժամանակ, նախարարը նշեց, որ հաշվի են առնվել նոր չափորոշչի փորձարկման երկու տարվա փորձը, չափորոշչում առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են եղած գործընթացները լավարկելուն։

«Դրանք հիմնականում երկու պատճառ ունեն՝ մեկը բուն փորձարկման գործընթացն է, որի ժամանակ նկատել ենք այն տեղերը, որոնց վրա աշխատանքի տեղ կա։ Օրինակ՝ դրանք ժամանակաքանակների բաշխումներն են կրթական տարբեր աստիճաններում, սովորողների գնահատման, նախագծային ուսուցման և տարբեր առանձնահատկությունների հետ կապված ձևակերպումների խմբագրումներն են։

Երկրորդ հիմնական փոփոխությունների խումբը հիմնված է այս ընթացքում օրենսդրության մեջ արված փոփոխությունների վրա։ Օրինակ՝ փոխվել է հանրակրթության մասին օրենքը, որոնցում տրվել են մի շարք ձևակերպումներ և այժմ արդեն այս փոփոխություններով մենք ամբողջությամբ համահունչ կդարձնենք օրենսդրությունը և դրանով իսկ շատ հստակ դաշտ կստեղծենք դպրոցների և ուսուցիչների համար»,- եզրափակեց Անդրեասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս