Ես կոչ եմ անում մեր ժողովրդին դուրս գալ փողոց. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է վերջերս ԱՄՆ-ում հրապարակված երկու զեկույցների։

Խոսքը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ցեղասպանության մասին զեկույցի ու Վաշինգտոնում տեղակայված իրավաբանական կառույցներից մեկի հրապարակած զեկույցի մասին է, որը վերաբերում է է հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Օկամպոն իր զեկույցում ապացուցում է, որ այն արարքը, որն այսօր Ադրբեջանը իրականացնում է Արցախում, ցեղասպանական արարք է՝ անկախ նրանից, թե այնտեղ զոհեր կան, թե չէ։ Նա իր զեկույցը կառուցում է ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի դրույթների հիման վրա, որտեղ ցեղասպանությունը ունի իր հստակ սահմանումը։ Այդ կոնվենցիայում նշվում են 5 արարքներ, որոնց իրականացման դեպքում դրանք որակվում են որպես ցեղասպանություն։

Օկամպոն իր զեկույցը կառուցում է այդ հինգ արարքներից երրորդի վրա, որտեղ նշված է, որ ցանկացած երկիր կամ կողմ, որը ինչ-որ խմբի նկատմամբ կստեղծի նպատակային, մտածված այնպիսի պայմաններ, որը կարող է բերել այդ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը, ցեղասպանական արարք է։ Ես երեկ հնարավորություն ունեցա հանդիպելու Օկամպոյի հետ և մոտ երկու ժամից ավելի զրույց եմ ունեցել նրա հետ։ Նա բավական վճռական է այս հարցում ու անկախ ամեն ինչից ուզում է այս հարցը տանել մինչև վերջ։

Նա շուտով լինելու է Վաշինգտոնում, Նյու Յորքում հանդես է գալու ելույթներով և ուզում է վստահ լինի, որ Ադրբեջանը անպատիժ չի մնա։ Օկամպոն նաև խորհուրդ էր տալիս մեզ՝ հայկական կողմին, որ այս գործոնը անպայման օգտագործենք հայ-ադրբեջանական բանակցություններում, որովհետև սա արդեն քաղաքական գործոն է ու կարող է բեկում մտցնել ամբողջ բանակցային գործընթացքում»,- ասաց նա։

Օսկանյանը անդրադարձավ նաև Վաշինգտոնում գործող իրավաբանական գրասենյակի հրապարակած զեկույցին՝ ընդգծելով, որ նրանք քննադատաբար են մոտնեում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործողություններին։

«Նրանք պնդում են իրենց զեկույցում, որ կիրառվող «Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն և իրավունքներ» ձևակերման մեջ օգտագործվեղ «անվտանգություն» և «իրավունքներ» սկզբունքների քննարկումը վակուումի մեջ չի կարող ինչ-որ լուծման բերել։ «Անվտանգությունն» ու «իրավունքները» կարևորագույն խնդիրներ են, որոնք ապահովելու են այդ ժողովրդի կենսունակությունը, դրանց քննակումը վակուումի մեջ առանց կոնտեքստ ունենալու չի կարող արդյունք տալ։

Նրանք պնդում ենք, որ այդ կոնտեքստը հենց այդ ժողովրդի ինքնորոման իրավունքն է, ու այդ իրավունքը պետք է անպայմանորեն լինի օրակարգային խնդիր։ Զեկույցը պնդում է, որ ԼՂ ժողովուրդը ունի նվազագույնը իրավունք՝ ունենալու ներքին ինքնորոշում։ Որպես հետևանք նրանք պնդում ենք, որ օրակարգում անպայման պետք է ներառված լինի այն փաստը, որ ԼՂ ժողովուրդը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ ու դա պետք է ծառայի որպես նվազագույն շեմ և դրա վրա պետք է կառուցի ցանկացած քննարկում»,- ընդգծեց Օսկանյանը։

Ըստ Օսկանյանի՝ զեկույցի հիմնական ուղերձը օրակարգային վերանշյալ ձևափոխումներն էին, այսինքն ինքնորոշման իրավունքի խնդիրը օրակարգ բերելը, որը կարող է ապահովել կայուն խաղաղություն։

Նա նշել է, որ մեկ շաբաթ ՝ ԱՄՆ-ում է, որտեղ հանդիպել է տարբեր մարդկանց, կառույցների հետ, որոնք ՀՀ անկախության առաջին օրվանից եղել են ՀՀ-ի կողքին։ Վ. Օսկանյանը վստահեցնում է, որ այդ մարդիկ ուզում են օգնել Հայաստանին Լաչինի միջանցքի բացման ու հայ-ադրբեջանակն բանակցությունների հարցերում, սակայն բախվում են մի մեծ պատի։

«Այդ մարդիկ տեսնում են, որ այսօր առկա օրակարգը չի կարող լուծում տալ հարցին ու փորձում են աշխատել բանակցային նարատիվի փոփոխության վրա։ Բայց, երբ նրանք աշխատում են իրենց կառավարությունների հետ՝ փորձելով նրանց համոզել այդ մտքի մեջ, նրանք բախվում են ինչ-որ մի հաստ պատի, ու այդ պատը Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն է։ Երբ նրանք դիմում են իրենց կառավարություններին, նրանց պատասխանը լինում է միանշանակ՝ այն ինչ, դուք եք ուզում, չի համապատասխանում նրան, թե ինչ է ուզում Հայաստանի կառավարությունը։ Մենք պետք է և՛ ներսից, և՛ դրսից պարտադրենք ՀՀ իշխանություններին, որ փոփոխություն մտցնեն իրենց մոտեցումների մեջ։ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, ավերներ է գործում, դրանում կարող եք չկասկածել»,- ասաց նախկին արտգործնախարարը։

Օսկանյանի խոսքով՝ հենց դա է հիմնական խոչընդոտը, որ առկա է բանակցություններում և առաջացնում է մի շարք խնդիրներ։

«Պետք պարտադրենք Փաշինյանին ու նրա կառավարությանը, որպեսզի հետ կանգնեն այդ քայլից, դա հնարավոր է և դրա դիվանագիտական ձևերը առկա են։ Նախկինում Ադրբեջանը հետ է կանգնել իր կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից, նույնը կարող է անել Հայաստանը և, եթե ուզում ենք այս բանակցությունները դնել նորմալ հունի մեջ, դա պետք է անել։

Այսօր աշխարհում գոյություն ունեն 40-ից ավելի ինքնորոշման շարժումներ, էթնիկ կոնֆլիկտներ, այդ բոլորի շուրջ բանակցություններ են ընթանում, ու այդ բանակցություններում որևէ կողմ դեռևս կամովին չի հրաժարվել իր ինքնորոշման իրավունքից, մենք հայերս առաջինն ենք լինելու։ Այս պահին աշխարհում կան 120 ինքնավար կարգավիճակներ։ Այն ինչ այսօր առաջարկվում է Արցախին, հացի փշրանքներ են, ընդամենը խոսվում է նրանց անվտանգության ու իրավունքների մասին։ Ադրբեջանն ասում է, որ ադրբեջանական ինչ-որ կազմակերպություններ պետք է հետամուտ լինեն, որ Ադրբեջանում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովվի Ադրբեջանի օրենքների ու սահմանադրության շրջանակներում։ Սա է, որ այսօր առաջարկվում է հայկական կողմին, հիմա համեմատեք աշխարհում ընթացող այլ գործընթացների հետ։ Ինչ է, մենք աշխարհի վերջին միամիտ ժողովո՞ւրդն ենք, վերջին տկար ժողովո՞ւրդն ենք, որ համաձայնվենք սրան ու զիջենք մեր դիրքերը, պարզապես թողնենք, որ Արցախը լուծարվի Ադրբեջանի մեջ»,- ասաց Օսկանյանը։

Ըստ նրա՝ այս նարատիվը փոխելու միակ ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի Պրահայում իր արած հայտարարությունից։

«Հակառակ դեպքում դա տանելու է պատերազմի, որովհետև Փաշինյանը ակնկալիքներ է բարձրացրել Ադրբեջանի մոտ, բայց Ադրբեջանի ուզածը շատ ավելին է։ Պատերազմի դեպքում էլ միջազգային հանրությունը ոչինչ չի կարողանալու անել, որովհետև ասելու են ասել եք՝ չեք արել։ Կոչ եմ անում ժողովրդին պահանջատեր լինել, փողոց դուրս գալ, ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որ հետ կանգնի այդ հայտարարությունից»,- ասաց Վարդան Օսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս