Ռուսաստանում հայտնել են ուկրաինական դիվերսանտների՝ Բրյանսկ ներխուժման մասին․ կա 2 զոհ, 5 ձերբակալված
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների 2 աշխատակից զոհվել է, ևս 5-ը՝ ձերբակալվել Բրյանսկի մարզ ներխուժման փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ըստ հաղորդագրության՝ դա եղել է ուկրաինական դիվերսիոն հետախուզական խումբ, որն ահաբեկչական հարձակումներ էր պլանավորում Ռուսաստանի ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա։
«ԱԴԾ-ն, Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության և Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թ․ օգոստոսի 30-ին Ռուսաստանի տարածքում ճնշել է ուկրաինական դիվերսիոն ահաբեկչական խմբի գործունեությունը, որը բաղկացած էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կադրային աշխատակիցներից, Հետախուզության գլխավոր վարչության և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հատուկ գործողությունների ծառայության զինծառայողներից», – մեջբերում է ТАСС-ը հաղորդագրությունից։
Ինչպես նշել են ԱԴԾ-ում, դիվերսանտների նպատակը եղել է «մի շարք աղմկահարույց ահաբեկչական գործողությունների իրականացումը ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում»:
«Օպերատիվ-մարտական միջոցառումների ընթացքում Բրյանսկի մարզի Նավլինսկի շրջանում չեզոքացվել է երկու զինյալ, հինգը բերման են ենթարկվել, որոնցից երեքը վիրավոր են», – հայտնել են գերատեսչությունում՝ հավելելով, որ «դիվերսանտներից յուրաքանչյուրն ուներ տարբեր զինատեսակների տպավորիչ բեռ», այդ թվում՝ ամերիկյան արտադրության ավտոմատներ՝ անաղմուկ կրակող սարքերով, հզոր պայթուցիկ սարքեր, մեծ քանակությամբ ՆԱՏՕ-ի նմուշի նռնակներ և պարկուճներ, գիշերային տեսողության սարքեր։
Ուկրաինական կողմն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։