Վահագն Խաչատուրյանը ու Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատարը քննարկել են համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Ողջունելով հյուրին նախագահը նշել է.

«Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանի անկախացումից հետո մենք, շարունակելով այդ ավանդույթը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հնդկաստանի հետ, ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգացում ունենան:

Անցած տարում մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և հիմա էլ մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել մեր հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար և այս առումով ևս Ձեր այցը կարևոր նշանակություն ունի»:

Գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա սերտ համագործակցության հետագա զարգացման ուղղություններն ու ոլորտները:

Շեշտվել է բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, պաշտպանական և այլ բնագավառներում առկա փոխգործակցության մեծ ներուժի իրականացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին, ինչի կապակցությամբ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ և շարժվում է այդ ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս