
Բեռներն արգելափակելը ևս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին. Փաշինյանը՝ Իդալգոյին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Փաշինյանը բարձր է գնահատել և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը և ընդգծել, որ բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը ևս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին:
Զրուցակիցները շեշտել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական հարաբերություններին և առկա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։