Պատրիկ Կարամը Միջազգային քրեական դատարան բողոք կներկայացնի Իլհամ Ալիևի դեմ
Ֆրանսիական դիվանագիտությունը պետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Պատրիկ Կարամը փոխանցեց նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի ողջույնը Արցախի նախագահին։
«Ուզում եմ հավելել նաև, որ ես դիմել եմ իմ փաստաբանին, ով Միջազգային քրեական դատարանում հավատարմագրված է, որպեսզի նա Ադրբեջանի նախագահ Ալիևի դեմ բողոք ներկայացնի: Նպատակն է թիրախավորել հենց նախագահին, հենց Ալիևին. նա է բռնակալը և հենց նրա դեմ մենք պետք է պայքարենք»,- ասաց Պատրիկ Կարամը:
Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։