
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 31-ին կայցելի Մոսկվա, պլանավորված են նրա բանակցությունները ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցություններ վարելու երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ», ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ նախարարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում, ինչպես նաև կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման համատեքստում:
«Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները նաև կմշակեն բարձրագույն և բարձր մակարդակով երկկողմ շփումների ժամանակացույց», – հավելել է նա։