
Տեղատարափը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Թբիլիսիում երկար ժամանակ չդադարող տեղատարափը հեղեղել է փողոցները, տապալել ծառեր։ Ողջ գիշերվա ընթացքում մաքրման աշխատանքներ են անցկացվել: Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալի հետ անձամբ է ծանոթացել մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքներին։
Քաղաքապետի խոսքով՝ նման առատ տեղումներ Վրաստանի մայրաքաղաքում վաղուց չեն եղել։
Կալաձեն նշել է, որ տեղատարափը խնդիրներ է ստեղծել Գլդանիի, Դիդուբեի շրջաններում, Էրիստավի փողոցին հարող տարածքում, որտեղ ճանապարհի մի հատվածը ջրածածկ է եղել և անանցանելի դարձել։
«Խնդիրներ են առաջացել մի քանի փողոցներում և պողոտաներում: Տապալվել են ծառեր, այժմ այդ հատվածները մաքրվել են», – հայտարարել է Կալաձեն՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարության աշխատակիցներին, պարեկային ոստիկանությանը և փրկարարական խմբին։
Ինչպես նշել է քաղաքապետը, համապատասխան բոլոր ծառայությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել բնակչությանը։