Ասկերանցիները Ակնայի անցակետի մոտ հերթապահություն են անում. ադրբեջանական բեռներից հեռու են 400 մետր. Ասկերանի ղեկավար. NEWS.am

Ասկերանցիները Ակնայի անցակետի մոտ վրաններ են տեղադրել եւ գիշերվանից սկսած հերթապահություն են անում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

«Բնակիչներն այժմ էլ այնտեղ են ու չեն պատրաստվում թույլ տալ, որ ադրբեջանական որեւէ բեռ մտնի Արցախ: Մենք այդ հատվածում ունենք ոստիկանական հենակետ, դրանից մի քիչ ներքեւ՝ դեպի Ակնա ռուս խաղաղապահ ուժերի հենակետն է, ադրբեջանական կողմը դեռ չի անցել ռուսական հենակետը, ռուսական կողմը չի թողնում անցնեն»,- ասաց Համլետ Ապրեսյանը:

Համլետ Ապրեսյանն ասաց, որ արցախցիները ադրբեջանական բեռներից հեռու են մոտ 400 մետր:

«Շուրջ 100 բնակիչ կլինեն որ հերթապահություն են անում, իսկ գիշերը մի քանի հարյուրի կհասնեին»,- ասաց նա:

Համլետ Ապրեսյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից ոչ մի օգնություն Արցախին պետք չէ. «Մենք չենք ուզում, թող բացեն Լաչինի միջանցքը: Մենք տասնամյակներ պայքարել ենք, կռվել ենք, այսքան զոհեր ենք ունեցել, արյուն ենք թափել, որ այսօր թշնամուց հաց ստանա՞նք, դա արդեն դավաճանություն է մեր զոհված տղաների առջեւ»:

Տեսանյութեր

Լրահոս