Ո՞վ էր ռուս խաղաղապահների ավտոմեքենայում դեմքը փակող երիտասարդը
Այսօր առավոտյան, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է երկու բեռնատարով «հումանիտար» բեռ` 40 տոննա ալյուր ուղարկել Արցախ` Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, արցախահայությունը հայտարարեց` դահիճի ձեռքից որևէ օգնություն չեն ընդունելու։
Ի դեպ, Բաքուն չի հստակեցրել`արդյո՞ք համաձայնություն է ձեռք բերել Արցախի իշխանությունների հետ՝ բացել Աղդամի ճանապարհը: Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանն ասել էր, թե դրական արձագանք են ակնկալում Ղարաբաղի հայերից. «Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Հավատում եմ, որ այս քայլը դրական կընդունվի թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Խանքենդիում (Ստեփանակերտ) ապրող հայազգի բնակչության կողմից»:
Մինչ ադրբեջանական բեռները կհասնեին Աղդամ` Ակնա, արցախահայությունը, Ստեփանակերտից ու այլ վայրերից մարդիկ ոտքով շարժվեցին դեպի Ասկերան` փակելու բեռների մուտքը Ստեփանակերտ:
Այս պահին էլ արցախցիները փակել են ճանապարհը:
Ի դեպ, քիչ առաջ սոցիալական ցանցերում մի տեսանյութ տարածվեց: Անմիջապես որոշ շրջանակների կողմից լուրեր տարածվեցին, թե արցախահայերը ռուս խաղաղապահների մեքենայի մեջ Ադրբեջանի քաղաքացու են նկատել: Բնակիչների հարցին՝ որտե՞ղ է փաստաթղթերդ, ի՞նչ է անունդ, նա գլուխը մի կողմ էր թեքում ու ձեռքով փակում դեմքը: Վարորդի կողքին նստած ռուս խաղաղապահը արցախցիների հարցին ի պատասխան փաստաթուղթ է ցույց տալիս` ասելով, թե ավտոմեքենայի մեջ գտնվող անձն է: Այնուամենայնիվ, արցախցիների մոտ լուրջ կասկած է առաջանում` ինչու էր երիտասարդը ձեռքով փակում իր դեմքը: Երբ քաղաքացիները գնալով շատանում էին ռուս խաղաղապահների մեքենայի մոտ, նրանք դեպքի վայրից ավտոմեքենան շատ արագ հեռացրին ու հետ գնացին:
Միջադեպն իսկապես տարօրինակ էր ոչ միայն խաղաղապահների ավտոմեքենայում գտնվող տղայի պահվածքի, այլև այն առումով, որ կոնկրետ հակառուսական շրջանակներ էին տեսանյութը տարածում սոցցանցերում` ուղղորդված ձևակերպումներով: Իսկ ահա ռուսամետ հայացքներով հայտնի բլոգեր, ակտիվիստ Միկա Բադալյանն ավելի ուշ տելեգրամյան իր ալիքում, անդրադառնալով միջադեպին, գրել էր, որ վերոնշյալ տղան ռուս խաղաղապահների լուսանկարիչն է եղել: Եթե իսկապես այդպես է, ապա ինչու էր դեմքը փակում այդ երիտասարդը` անպատասխան թողնելով արցախցիների հարցերը: