ԱՄՆ ԶՈւ ռազմավարական հրամանատարության ղեկավարն այցով գտնվում է Հարավային Կորեայում
ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության (միավորում է ռազմավարական միջուկային ուժերը և հակահրթիռային պաշտպանությունը) ղեկավար, գեներալ Էնթոնի Քոթոնը այց է կատարել Հարավային Կորեա։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
Նրա ուղևորությունը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield (UFS) ամենամյա համատեղ զորավարժությունների ֆոնին, որոնք մեկնարկել են օգոստոսի 21-ին:
Քոթոնն այցելել է ռազմական գործողությունների համար նախատեսված ԱՄՆ-ի հրամանատարական բունկեր, հանդիպում անցկացրել Հարավային Կորեայում ամերիկյան զորակազմի հրամանատար գեներալ Փոլ Լաքամերի հետ և լսել UFS զորավարժությունների մասին զեկույցը։
Ավելի ուշ Քոթոնը հանդիպում կունենա Հարավային Կորեայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Կողմերը կքննարկեն ընդհանուր ներդրումը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։
Դրա հետ մեկտեղ այս տարվա սկզբին տեղի է ունեցել միջուկային խորհրդատվական խմբի հիմնադիր նիստը. Սեուլի և Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են ԱՄՆ-ի միջուկային միջոցների և Հարավային Կորեայի պայմանական ուժերի մասնակցությամբ գործողությունների պլանավորումը։ Միևնույն ժամանակ, տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ն Հարավային Կորեա ուղարկեց բալիստիկ հրթիռներով հանդերձված ատոմային սուզանավեր: