«Թույլ չեմ տալու Ասկերանով թուրքի ալյուրը հասնի Ստեփանակերտ. ոչ ոք ինձ չի խանգարելու… ես թուրքի ալյուրը չեմ ուտելու». զոհվածի քույր

Երբ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե պատրաստվում է «հումանիտար» բեռ ուղարկել Արցախ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, հազարավոր արցախցիներ հայտարարեցին, որ այդ բեռն իրենց պետք չէ, պատրաստ են սովից մահանալ, սակայն դահիճի ձեռքից սնունդ չեն ընդունի։

Քիչ առաջ ասկերանցի Հերմինեն ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ՝ որպես զոհվածի քույր, անձամբ գնացել-կանգնել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ Ասկերանի հատվածում, որպեսզի թույլ չտա բեռը մտնի այդ ճանապարհով։

«Թույլ չեմ տալու, որ Ասկերանի ճանապարհով թուրքերի ալյուրի մտնի Ստեփանակերտ։ Մինչև վերջ պայքարելու եմ ու որևէ մեկն ինձ չի խանգարելու։ Ավելի լավ է՝ սոված մեռնեմ, քան թուրքի տված ալյուրն ուտեմ, թուրքը մարդասպան է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նա՝ մատնացույց անելով իր ետևում գտնվող ադրբեջանական տանկը։

Նշենք, որ Հերմինեի այս տեսանյութով բազմաթիվ արցախցիներ են կիսվել՝ հայտարարելով, որ նա միայնակ չէ և բոլորը միանում են նրան։

Տեսանյութեր

Լրահոս