Իրանի նախագահը կարծում է, որ BRICS-ին և ՇՀԿ-ին երկրի անդամակցությունը կօգնի պատժամիջոցների դեմ պայքարում
Իրանի անդամակցությունը BRICS-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) կօգնի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Մեր անդամակցությունը BRICS գլոբալ դաշինքին և տարածաշրջանային Շանհայի համագործակցության կազմակերպությանը որոշակիորեն կարող է իր դերը խաղալ ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարում», – ասել է Ռայիսին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Իրանի տնտեսական ներուժը թույլ կտա ամրապնդել երկու միավորումների դիրքերը միջազգային ասպարեզում։
«Հաշվի առնելով մեր բազմաթիվ հնարավորությունները՝ մենք շատ արդյունավետ ենք համարում Իրանի անդամակցությունը BRICS-ին և ՇՀԿ-ին, ինչպես նաև մասնակցությունը տարածաշրջանային մյուս դաշինքներին։ Այդ արդյունավետությունը երկուստեք է, քանի որ Իրանի անդամակցությունից օգուտ կարող են քաղել միավորումների բոլոր մասնակիցները, ներառյալ՝ մենք ինքներս», – ընդգծել է Ռայիսին: