Բաժիններ՝

Կրթական տարին՝ նոր փոփոխություններով․ մանրամասնել է ԿԳՄՍ նախարարը

Հայաստանում կրթական նոր տարին կմեկնարկի նոր փոփոխություններով․ փոփոխություններ կլինեն ոչ միայն ուսուցիչների դրույքաչափում, այլև աշակերտների գնահատման սանդղակում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրթական ոլորտի զարգացմանը միտված նոր չափորոշիչներ է սահմանել։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկին նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տարին կրթական փոփոխությունների տարի է։

«Խոսքը վերաբերում է հանրակրթության նոր պետական չափորոշչին և առարկայական չափորոշիչներին, որոնք կսկսեն ներդրվել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: Դպրոցները կսկսեն ֆինանսավորվել դասարանների, այլ ոչ թե երեխաների թվով, ինչպես նախկինում էր։ Իհարկե, սրանից բխող շատ փոփոխություններ ևս կան: Նոր չափորոշիչները իրենցից ենթադրում են նոր դասագրքեր, որոնց մրցույթներն արվել են, և արդեն իսկ դասագրքերը տեղադրված են էլեկտրոնային հարթակներում, որպեսզի ուսուցիչները ծանոթանան դրանց: Տպագրության գործընթացն ընթացքի մեջ է»,- ասաց նախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ կրթության ոլորտում փոփոխությունները շատ են, դրանց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ Այս պահին 700 ուսուցիչներ դիմել են կամավոր ատեստավորման համար։ Բացի այդ, Տավուշի մարզում 2 տարի փորձարկվում են նոր չափորոշիչները, նախնական արդյունքները նախարարը դրական է գնահատում։ Նոր չափորոշիչների համաձայն՝ փոխվում է ոչ միայն ուսուցիչների դրույքաչափը, այլև աշակերտների գնահատման ամբողջ սանդղակը, դասերն էլ կլինեն երկարօրյա։

«Ներդրվում է պարտադիր երկարօրյա ծառայություն այն երեխաների համար, որոնք բավարար առաջադիմություն չեն ունենա: Պետք է հիշեցնեմ, որ մենք միավորային գնահատում չենք իրականացնելու մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ, չորրորդ դասարանում դուրս են գալու գիտելիքի ստուգման ամփոփիչ քննությունները: Եվ, որպեսզի մենք հետևենք երեխաների գիտելիքների յուրացման գործընթացին, երկարօրյա ծառայությունը գալու է մեզ օգնելու»,- պարզաբանեց Անդրեասյանը:

Նախարարը նշեց՝ շարունակում են մտահոգիչ մնալ միասնական քննությունների արդյունքները․ բավականին ցածր արդյունքներ են գրանցվել Հայոց լեզու և Մաթեմատիա առարկաներից։ Լուրջ խնդիրներ կան նաև բնագիտական բլոկում։ Այս խնդիրների լուծման ուղղությամբ ևս ԿԳՄՍՆ-ն աշխատանքներ է տանում։

«Մենք սկսում ենք ուսուցիչ պատրաստելու գործընթացից. 70-77 հազար դրամ կենսաթոշակ ենք սահմանում բոլոր այն ուսանողների համար, որոնք բնագիտական առարկաների ուսուցիչ լինելու մասնագիտություն կստանան ու կունենան գերազանց առաջադիմություն։ Այս պրոցեսը շարունակական բնույթ է կրելու»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս