«Ադրբեջանն իր այս քայլով շախ և մատ է ուզում անել». Դավիթ Ղահրամանյանը կոչ է անում արցախցիներին հավաքվել Վերածննդի հրապարակում
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր նրանք, ովքեր դեմ են Ակնայով (Աղդամ) Ադրբեջանի կողմից ուղարկված «հումանիտար» բեռին և հասկանում են, որ դա մահ է, եկեք Վերածննդի հրապարակ։
Ադրբեջանը իր այս քայլով շախ և մատ է ուզում անել։
Եթե մեր իշխանությունները չեն ընդունում այդ «հումանիտար» բեռը, Ալիևը աշխարհով մեկ հայտարարում է, որ մեր իշխանություններն են մեզ սովամահ անում։ Իսկ Եթե իշխանություններն ընդունում են այդ բեռը, ապա դրվում է Արցախը կորցնելու մեկնարկը։
Այո, մենք սոված ենք, այո՛, Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրոյական ձին»։
Դիմում եմ բոլոր առողջ ուժերին, Արցախը, իրոք, սիրող բոլոր իմ հայրենակիցներին, պատգամավորներին, քաղաքական գործիչներին, եկեք և կանգնեք մեր կողքին»։