Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան անցկացրել են հրթիռների դեմ պայքարի ծովային զորավարժություններ
Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը, ինչպես նաև Ճապոնիայի Ինքնապաշտպանության ծովային ուժերն օգոստոսի 29-ին անցկացրել են համատեղ հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ Կորեական թերակղզուց դեպի հարավ գտնվող միջազգային ջրերում: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Յուրաքանչյուր կողմից մասնակցել է էսկադրային ականակիր` հանդերձված Aegis համակարգով։ Մասնակիցները մշակել են ընթացակարգեր՝ հայտնաբերելու և հետևելու համակարգչով նախանշված թիրախը և կիսելու դրա հետ կապված տեղեկատվությունը։
Երեք երկրների նավաստիները նաև ստուգել են տեղեկատվության փոխանակման համակարգը, քանի որ մինչև տարեվերջ Կորեայի Հանրապետությունը, Միացյալ Նահանգները և Ճապոնիան նախատեսում են սկսել իրական ժամանակում տեղեկատվության փոխանակումը հրթիռների արձակումների մասին։ Նախորդ նմանատիպ եռակողմ զորավարժությունները տեղի են ունեցել հուլիսին։
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը նշել են, որ ներկայիս զորավարժությունները տեղի են ունեցել Հյուսիսային Կորեայի կողմից «միջուկային և հրթիռային սպառնալիքների աճի», այդ թվում՝ անցյալ շաբաթ ռազմական հետախուզական արբանյակի արձակման անհաջող փորձի ֆոնին: