Արայիկ Հարությունյանն Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անելիք չունի. Անդրանիկ Թևանյան
Արցախից հեռացնել Արայիկ Հարությունյանին, այնուհետև Երևանում իրականացնել իշխանափոխություն և հասնել համապետական մակարդարկի իշխանափոխության․ սա է «Մայր Հայաստան» դաշինքի՝ ընտրապայքարին մասնակցելու նպատակն ու հիմնական թիրախները։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ քաղաքացիներն աջակցում են այս ծրագրերին։ «Արայիկ Հարությանը Արցախում անելիք չունի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անելիք չունի, նրա հեռացումը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման, Արցախը ցեղասպանությունից զերծ պահելու գլխավոր նախապայմանն է»,-նշեց Անդրանիկ Թևանյանը։
Եթե կորցնենք Արցախը, այնուհետև կկորցնենք Սյունիքը և Երևանը՝ կանխատեսեց նա։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Թևանյանի խոսքով, այն անհրաժեշտ՝ նվազագույն նախապայմանն է, որը պետք է Հայաստանի գոյության հարցը լուծելու համար։
«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ապացուցում է, որ մեր օրակարգը ճշգրիտ է, համապատասխանում է Հայաստանի ու Արցախի օրակարգին։ Արցախից քաղաքացիներ են առևանգվում և դրա մեղքը ոչ միայն հանցավոր գործողությունների դիմող Ալիևինն է, այլ նաև Հայաստանի ու Արցախի իշխանությանը։ Մենք համոզված ենք, որ պետք է Արցախից հեռացվի Արայիկ Հարությունյանը, այստեղից էլ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանը կարողանա գոնե սուբյեկտայնություն ձեռք բերել և մեր անվտանգային խնդիրները գոնե նվազագույն մակարդակի լուծել։ Եվ Երևանի ընտրություններն այն առիթն են, որ մեզ կտան այդ շանսը՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու և Հայաստանում իրավիճակ փոխելու»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Նա քաղաքացիներին կոչ արեց ոտքի կանգնել և տեր կանգնել սեփական իրավունքներին, որպեսզի առևանգումներն, ի վերջո, չտեղափոխվեն Երևան և Երևանը Երևան մնա։