Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, փրկարարները հայտնաբերել են ևս չորս մարմին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կոմիտեում (ԱԻԿ):
«Կոմիտեի փրկարարները հայտնաբերել են չորս քաղաքացու՝ երեք կնոջ և մեկ տղամարդու մարմին, որոնք հանձնվել են համապատասխան հաստատություններին՝ նրանց ինքնությունը պարզելու համար», – հայտնել են գերատեսչությունում։
ԱԻԿ-ում պարզաբանել են, որ մարմինները հայտնաբերվել են Վահդաթ քաղաքում։ Նաև Խաթլոնի մարզում փրկարարական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ սելավի հետևանքով ոչնչացել է 100 գլուխ ընտանի անասուն։ Գերատեսչության տվյալներով՝ հանրապետության բոլոր շրջաններում, որոնք տուժել են տարերային աղետից, շարունակվում են հետևանքների վերացման աշխատանքները։
Օգոստոսի 27-ին Տաջիկստանում տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք առաջացրել են հեղեղումներ, սելավներ և քարաթափումներ։ Ավելի վաղ հաղորդվել էր տարերային աղետից 13 զոհի մասին․ մարդկանց մեծ մասը զոհվել է Վահդաթ քաղաքում։ ԱԻԿ-ում հայտնել են, որ հանրապետության մի քանի շրջաններում փակվել են ճանապարհները, ջրով են լցվել տներն ու շինությունները, ցեխահոսքերից վնասվել են տասնյակ մեքենաներ: