
Մոսկվան Կիևին մեղադրել է Տուլայի և Բելգորոդի մարզերում ԱԹՍ-ներով հարձակման մեջ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խափանել է անօդաչու թռչող սարքերով երկրի տարածքի վրա հերթական հարձակումները։ ԱԹՍ-ներ են խոցվել Տուլայի և Բելգորոդի մարզերում։
«Օգոստոսի 28-ին, Մոսկվայի ժամանակով շուրջ ժամը 23։00-ին խափանվել է Կիևի վարչակարգի հերթական փորձը՝ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ով ահաբեկչական հարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա», – նշված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հավելել է, որ ԱԹՍ-ն ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում՝ հերթապահ ՀՕՊ համակարգերի կողմից։
Ավելի ուշ Ռուսաստանի ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրություն է տարածել Տուլայի մարզում 2 ԱԹՍ խոցելու մասին։
«Այսօր (խմբ․՝ օգոստոսի 29-ի) առավոտյան խափանվել է Կիևի վարչակարգի փորձը՝ ինքնաթիռային տիպի 2 ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա։ Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Տուլայի մարզի տարածքում՝ հերթապահ ՀՕՊ համակարգերի կողմից», – նշված է հաղորդագրությունում։
Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանում գրեթե ամեն օր հայտնում են Ուկրաինայի կողմից անօդաչուներով հարձակումների մասին։