Հայկ Մարությանը չի զղջում հեղափոխությանը մասնակցելու, սևերի և սպիտակների իր աղմկահարույց հայտարարության համար

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի 6-րդ օրն առանձնացավ նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտնությամբ։ Մարությանը, որը նախորդ օրերի ընթացքում սահմանափակվում էր ֆեյսբուքյան գրառումներով, այսօր իր քարոզարշավը սկսեց Աջափնյակից։ Մարությանը շրջեց բազմաթիվ բակերով, զրուցեց քաղաքացիների հետ եւ կոչ արեց քվեարկել իրենց օգտին։

NEWS.am-ի հետ զրույցում Մարությանն ասաց՝ չի զղջում հեղափոխությանը մասնակցելու համար, այլ հարց, որը հեղափոխությունն արած ՔՊ-ն շեղվեց իր արժեքներից։ Մարությանն ասաց՝ նաեւ չի զղջում սեւերի եւ սպիտակների իր աղմկահարույց հայտարարության համար։

«Իմ հայտարարությունը երբեւէ չի վերաբերել հասարակությանը, դա վերաբերել է քաղաքական ուժերին։ Սեւ ուժեր, որոնք տապալում են մեր զարգացումը եւ սպիտակ ուժեր, որոնք փորձում են բարձրացնել պետությանը։ Ես կասեմ, որ ՔՊ-ն սպիտակ ատամ է, որը սեւացել է չխնամելու հետեւանքով։ Եթե բուժում չտրվեց այդ ատամին, այն ամբողջությամբ կսեւանա»,- նշեց Մարությանը։

Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանն էլ նախքան քարոզարշավը հասցրել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարային նիստը վարել։ Իրավապաշտպանները շտապեցին արձանագրել՝ իշխող ուժն ակնհայտ վարչական լծակ է օգտագործում։

NEWS.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը Ավինյանի՝ նիստերին մասնակցությունը եւ միաժամանակ քարոզչություն իրականացնելը վարչական ռեսուրսի օգտագործում համարեց։

«Օրենքի տեսանկյունից խախտում չկա այս պարագայում, սակայն կա վարչական ռեսուրսի օգտագործման ուղիղ խնդիր։ Ինստիտուցիոնալ եւ քարոզչական գործունեությունը խառնվում են իրար, եւ իշխանության ներկայացուցիչը ստանում է անհավասար մրցակցության պայմաններ։ Կարծում ենք, որ օրենքով պետք է հստակեցվի, որ ինստիտուցիոնալ գործունեությունը եւ քարոզչությունը պետք է լինեն անհամատեղելի»,- նշեց Իոաննիսյանը։

Կուսակցության շտաբի ղեկավար Հայկ Կոստանյանը պարզաբանել էր, որ Ավինյանն աշխատում է միայն երկուշաբթի օրերին՝ նիստերը վարելու համար։

Իշխող ուժն քարոզարշավն այսօր անցկացրեց Նորք Մարաշում։

Ամբողջական իշխանափոխության պահանջով ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն էլ եղավ Մալաթիա Սեբաստիայում։

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելը բոլորիս սուրբ եւ քաղաքացիական պարտականությունն է։ Ամենակարեւորը, որ մարդիկ ընկալեն, որ սա աթոռակռիվ չէ․ աթոռակռիվ լիներ՝ մանդատս վայր չէի դնի։ Եթե երկիրը կորցնենք, արդեն կապ չունի, թե ով որ աթոռի վրա է նստած լինելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը եղել է Շենգավիթ համայնքում, «Արդար Հայաստանը» Նոր Նորքում, «Հանրապետություն» կուսակցությունն էլ՝ Ավանում։

«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանն իր քարոզարշավը սկսել է հանգստյան օրերին, այսօր հանրային միջոցառում չի արել։ Քարոզարշավ չեն իրականացրել «Հանրային ձայն», «Ուժը հայրենյաց», «Հանուն սոցիալական արդարության», «Ժողովրդավարական համախմբում», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Տիգրան Խզմալյանի առաջնորդած «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ն էլ առհասարակ հրաժարվել է քարոզարշավային հանդիպումների ձեւաչափից։

Տեսանյութեր

Լրահոս