Չինաստանն ու Հարավային Կորեան արձագանքել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողմանը
Ասիական երկրները քննադատում են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս, որը Ճապոնիայի իշխանություններն սկսել են օգոստոսի 24-ին։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։
«Օվկիանոսը ողջ մարդկության ընդհանուր սեփականությունն է, և «Ֆուկուսիմա»-ի միջուկային կեղտաջրերի հարկադիր բացթողումը չափազանց եսասիրական ու անպատասխանատու գործողություն է, որն անտեսում է միջազգային հանրային շահերը», – հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն:
Պեկինի կարծիքով՝ Ճապոնիան «չի ապացուցել իր ծրագրի օրինականությունը» և «ռադիոակտիվ կեղտաջրերի մաքրման սարքավորումների երկարաժամկետ հուսալիությունը»։ Բացի այդ, Չինաստանը կարծում է, որ Տոկիոյի իշխանությունները չեն ապացուցել արտանետվող սոդայի անվնաս լինելու մասին տվյալների իսկությունն ու ստույգությունը ծովային միջավայրի և մարդկանց առողջության համար։
Իր հերթին Հարավային Կորեան Տոկիոյին կոչ է արել թափանցիկություն ապահովել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ջրի բացթողման գործընթացում։ Ըստ Հարավային Կորեայի վարչապետ Հան Դոկ Սուի՝ Ճապոնիայի իշխանությունները պետք է ողջ պատասխանատվությամբ բացահայտեն այս առնչությամբ տեղեկատվությունը և առաջիկա 30 տարվա համապատասխան պլանները: Բացի այդ, Հարավային Կորեայի կառավարության ղեկավարը նշել է, որ Ֆուկուսիմայի մերձակայքից ձկան և սննդամթերքի ներմուծման արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ չի մեղմացել հասարակայնության մտահոգությունը։
Ճապոնիայի այս քայլի դեմ ցույց է անցկացվել Սեուլում Ճապոնիայի դեսպանատան առջև։ Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 16 մարդու, որոնք ակցիայի ժամանակ ներխուժել են դեսպանատան շենք։ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ջրի բացթողման դեմ բողոքի ցույցեր են անցկացվել նաև ասիական մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Հոնկոնգում և Տոկիոյում։