«Այս բոլոր գործողությունների նպատակը մեկն էր. ալիբի ապահովել Նիկոլի և Արայիկի համար». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորդ, իհարկե, նկատեցիք, որ մի քանի շաբաթ առաջ մերձնիկոլյան շրջանակների դրդմամբ մեկնարկեցին թվում էր թե Արցախին աջակցող ինչ-որ շարժումներ։

Որոշ հայտնիներ, որոնք մինչ այդ հիմնականում լուռ էին, սկսեցին անհասցե կոչեր անել, թե «բացե՛ք ճանապարհը», քաղաքում անհասկանալի ցույցեր սկսվեցին, որոնց պահանջներն ու քննադատությունն ուղղված էին ում ասես, բացի Նիկոլից…

Բնականաբար, այդ շարժումներին և հայտարարություններին միացան նաև մարդիկ, որոնք անկեղծ են, սրտացավ են Արցախի համար և Արցախին աջակցող ցանկացած գործողությանը պատրաստ են մասնակցել։

Որպես հայրենասեր ու մտածող մարդիկ շատ արագ նրանք սկսեցին անհարմար հարցեր տալ ակցիաները նախաձեռնողներին, թե ինչու պահանջները չեն ուղղվում գերագույն գլխավոր պատասխանատուին և մեղավորին, բայց կազմակերպիչներից ադեկվատ պատասխաններ չստացան։

Ստեփանակերտում էլ մի անհասցե նստացույց սկսեց Արայիկ Հարությունյանը։

Արցախի հարցով լեթարգիկ քնից զարթնեց նաև ԱԳՆ-ն ու սկսեց զանգեր անել տարբեր երկրների դիվանագետներին։

Միաժամանակ ճոխ PR ուղեկցությամբ բեռնատարների շարասյուն ուղարկվեց Գորիս, իբր, Արցախի համար նախատեսված հումանիտար օգնությամբ, որը տեղ չհասավ, թեպետ առաջին իսկ պահից հասկանալի էր, որ եթե ճանապարհը փակած ադրբեջանցիների հետ նախնական պայմանավորվածություն չկա, ապա այդ մեքենաները տեղ չեն կարող հասնել։

Այս բոլոր՝ առաջին հայացքից անիմաստ և քաոտիկ թվացող շարժումների վերջակետը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն էր, որը հավաքվեց ՀՀ նախաձեռնությամբ ու որը, մեծ հաշվով, ոչ մի բան չտվեց հայերին (սահմանադրագետ Վարդան Պողոսյանի մեկնաբանությունը, որտեղ նա հստակ բացատրում է, թե ինչու այդ նիստը ոչ մի բանի մասին էր և ակնհայտ է, որ նիկոլենք դա շատ լավ հասկանում էին)։

Ամփոփելով վերը թվարկած փաստերը՝ կարող եմ պնդել. այս բոլոր գործողությունների նպատակը մեկն էր. ալիբի ապահովել Նիկոլի և Արայիկի համար։

Կասկած չկա, որ՝ որպես պրոֆեսիոնալ հանցագործներ, նրանք կանխավ են ալիբին պատրաստում։ Ըստ էության, սա նույն «հաղթելու ենք» օպերացիան է, բայց իրագործված գլխավոր իրադարձություններից առաջ…

Նիկոլի և Արայիկի ալիբիներն ապահովելու գործին լծել են (այդպիսով փաստացի հանցակից դարձնելով) թե՛ ՀՀ ամբողջ պետական ապարատը, թե՛ բիզնեսը, թե՛ մշակութային և հանրային որոշ գործիչների, նույնիսկ սիրուհիներին։

Հ.Գ. 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին մենք ունեինք հնարավորություն Նիկոլին ռադ անելու և այսօրվա օրին չհասնելու։ Այդպիսի հնարավորություն կար նաև 2021-ի փետրվարի 25-ին։

Նույն տարվա հունիսի 21-ի արտահերթ ընտրությունները, չեմ կարծում, թե ավելի ծանրակշիռ շանս կարող էին տալ, քան նախորդները, բայց որոշ հավանականություն այնուամենայնիվ դեռ կար… Ինչևէ, այդ ամենն արդեն պատմություն է»։

Տեսանյութեր

Լրահոս